20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան
Վարակման 20 նոր դեպք ունենք, 25 հոգի՝ առողջացած: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք շարունակում ենք պահպանել զգուշավոր լավատեսություն: Առողջացումով դուրս գրված պացիենտները առաջին անգամ ավելի շատ են եղել, քան նոր ախտորոշումները»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով՝ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների համար 400 մահճակալ կա, բայց այս պահի դրությամբ այդ մահճակալների միայն կեսն է զբաղված, ինչը նշանակում է, որ առողջապահական համակարգը շատ լարված չէ:
Նա նշեց, որ առաջիկա ռազմավարությունը հետևյալն է՝ Առողջապահության նախարարությունը պետք է ամեն ինչ անի, որ մինչև շաբաթվա ավարտը օրական արդեն 1000 հետազոտություն կատարվի, ինչն ավելի լավ պատկերացում կտա իրավիճակի մասին:
«Կարող եմ արձանագրել նաև, որ առողջապահական համակարգի լարվածությունը մի փոքր նվազել է՝ նաև այն պատճառով, որ մեր համակարգը ադապտացվել է նոր իրավիճակին, մի փոքր դուրս է եկել ցայտնոտային իրավիճակից»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ եղած վիճակագրությունը հուշում է, որ սահմանափակումների քաղաքականությունը արդյունավետ է: «Խնդրում եմ այս շաբաթվա ընթացքում առավել խստությամբ պահել սահմանափակումները, որպեսզի մենք կարողանանք երկուշաբթի օրվանից սկսել ռեժիմի թուլացման մարտավարութուն որդեգրել, եթե վիճակագրությունը նման բանի հնարավորություն տա»,-ասաց Փաշինյանը:
Նա նաև անդադարձավ Վանաձոր քաղաքում թանկացումների թեմային՝ նշելով, թե այսօր ՏՄՊՊՀ նախագահն ասել է, որ իրենք զբաղվում են այդ հարցով: «ՏՄՊՊՀ նախագահն ասաց նաև, որ որոշ ապրանքատեսակների մասով որոշակի գնանկում է նկատվել»,-հավելեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:










