Արարատի մարզում BYD-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր. Shamshyan.com

02:28 • 07.04.20

Ապրիլի 6-ին հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:15-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 32-ամյա Վահե Ս.-ն իր վարած BYD մակնիշի 29 ՏՍ 316 համարանիշի ավտոմեքենայով կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ բախվել է երկաթե արգելապատնեշներին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր, 28-ամյա Ս. Ս.-ն մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, այնուհետև տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածում վերջին տարիներին հաճախակի են ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի ունենում, այդ թվում՝ մահվան ելքով և պատճառը ճանապարհի թերի կառուցումն է, ու եթե պատկան մարմինները հետևություններ չանեն, այս ճանապարհահատվածը ժողովուրդը միշտ կհիշի այն անունով, որը դրել են նրանք, իսկ այդ անունն է՝ «վթարի վայրը փոխել չի կարելի»: