Բնապահպանական կազմակերպությունները կոչ են անում փակել վայրի կենդանիների միս վաճառող շուկաները

12:08 • 07.04.20

Բնապահպանների համաձայն՝ առողջապահական ոլորտի համաշխարհային դերակատարները պետք է կոչ անեն տարբեր երկրներին փակել վայրի կենդանիների շուկաները, որոնցից մեկն էլ Չինաստանում է, որտեղից, ըստ վարկածի, առաջացել է կորոնավիրուսի համաճարակը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Վայրի բնության պաշտպանության ավելի քան 200 խումբ նման պահանջ է ներկայացրել և բաց նամակով դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` հայտարարելով, որ իրենց պահանջի կատարումը թույլ կտա կանգնեցնել հետագա համավարակները:

Տվյալներ կան, որ կորոնավիրուսը կենդանական ծագում ունի և առաջացել է մասնավորապես չղջիկներից, որոնք վաճառվել են չինական Ուհան քաղաքի շուկայում, որտեղ վաճառվում են կենդանիներ ողջ և սպանված վիճակում:

Բարեգործական կազմակերպություններում իր ակտիվ գործունեությամբ աչքի ընկած Մարկ Ջոնսն ասել է. «Կորոնավիրուսի նահանջից հետո վերադարձն այս բիզնեսին անհնար է: Մենք պետք է խորը փորենք և վերականգնենք մեր հիմնարար հարաբերությունները բնական աշխարհի հետ, հասկանանք մեր տեղը նրանում, հարգանքով վերաբերվենք մեր մոլորակին և դրա բոլոր բնակիչներին՝ հանուն մեր և նրա շահի»:

Նամակում ԱՀԿ-ին կոչ է արվում նաև տեղեկացնել մարդկանց վայրի կենդանիների առևտրի հետ կապված առողջական ռիսկերի մասին:

Բժիշկ Ջոնսը տեղեկացրել է, որ վայրի կենդանիների շուկաներ արդեն շատ երկրներում կան և տարածվում են մեծ արագությամբ: