Չնայած կորոնավիրուսի կանխարգելման ոլորտում գրանցած հաջողություններին՝ Ավստրալիան կարանտինային ռեժիմը կշարունակի ևս չորս շաբաթ. Daily Mail

12:18 • 17.04.20

Ավստրալիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով կառավարության սահմանած մի շարք միջոցառումների և խիստ կարանտինային ռեժիմի շնորհիվ նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը շարունակում է զգալի նվազել, վարակման դեպքերի թիվը ցուցադրող կորը՝ հարթվել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Չնայած այս պայքարում ակնհայտ առաջընթացին՝ երկրի վարչապետ Սքոթ Մորիսոնը հինգշաբթի հայտարարել է, որ COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները դեռևս չորս շաբաթ կշարունակվեն, ինչը նշանակում է, որ հիմնականում փակ կմնան փաբերը, ռեստորանները, մարզասրահները, բազմամարդ հավաքույթները կարգելվեն, կքաջալերվի տնից աշխատանքը, հարսանիքներին իրավունք կունենա մասնակցելու առավելագույնը հինգ, իսկ թաղումներին՝ տասը մարդ։

Վարչապետն, անդրադառնալով այն նահանգների և շրջանների ղեկավարներին, որոնք վարակի բռնկումը կանխելու համար կառավարությունից անկախ հավելյալ քայլեր են ձեռնարկել, նշել է, որ կրկին նրանց հայեցողությանն է թողնելու դրանց շարունակման կամ դադարեցման հարցը։

Ավստրալիայում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 6 497 դեպք, որից 63-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է 3 747 մարդ։