Երեք օր է՝ Բագրատաշենի անցակետի մաքսային ծառայողները թույլ չեն տալիս ալյուրով ու ցորենով բեռնված մի քանի բեռնատարների մուտքը ՀՀ տարածք. ներկրող ընկերության հիմնադիր
Երեք օր է՝ Բագրատաշենի անցակետի մաքսային ծառայողները թույլ չեն տալիս ալյուրով ու ցորենով բեռնված մի քանի բեռնատարների մուտքը ՀՀ տարածք՝ պատճառաբանելով, որ պետք է ներկրման ամբողջ հարկայաին պարտավորությունը կատարել նախապես, մինչդեռ, ԵԱՏՄ կարգավորումներով, եթե այս ամիս ապրանք ես ներմուծում, հարկը պետք է վճարես մյուս ամսվա 20-ին։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ներմուծում իրականացնող «Աուրիս» ընկերության հիմնադիրներից մեկը:
Նրա խոսքով՝ բեռների մի մասը՝ մոտ 100 000 կգ ալյուր ու ցորեն, ներկրվել է կիրակի օրը, որն արդեն վաճառել է: Մաքսային ծառայությունից նշել են, որ բեռների փոխադրումն իրականացնել չի կարող, քանի որ ընկերությունը վաղուց կուտակված՝ մոտ 150 000 դրամ պարտք ունի: Ընկերության համահիմնադրի խոսքով՝ այդ պարտքը վճարել են, սակայն դրանից հետո ևս թույլ չեն տվել բեռները Հայաստանի սահման անցկացնել:
«Նոր ներկրման համար պետք է վճարեմ հաջորդ ամսվա 20-ին՝ հաշվետվություն ներկայացնելուց հետո, բայց ոչ մի կերպ չեն համաձայնում՝ նշելով, թե ընկերության գործունեությունը ռիսկային են գնահատել: Կիրակի օրվա ներկրման վճարի չափը 1 950 000 դրամ է: Ասում են՝ վճարեք, բայց ոչ մի հիմնավորում չեն ներկայացնում, փաստաթուղթ չեն ներկայացնում»,-ասաց մեզ դիմած քաղաքացին:
Նրա խոսքով՝ եթե խոսքը մեծ գումարի մասին չլիներ, հենց Բագրատաշենի անցակետում կթափեին ամբողջ ցորենն ու ալյուրը, որ ժողովուրդը տեսներ՝ ինչու է հացը թանկացել և դեռ թանկանալու:
«ՊԵԿ-ի թեժ գիծը գոյություն չունի, փաստաբանական աջակցության եմ դիմել, գնացել են Բագրատաշենի անցակետ՝ պարզելու խնդիրը, սակայն ոչ մի պատասխան: Ասել են՝ դիմում գրեք, երկու ամսից պատասխանը կլինի: Երկու ամսից ալյուրը կփչանա: Այս ընթացքում ինձ հետ մաքսային ծառայությունից զրուցել է Տիգրան անունով աշխատակից, բայց փաստաբաններիս զանգից հետո ինքն էլ է կորել, չկա»,-ասաց նա՝ նշելով նաև, որ փաստաբանները պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ բեռնատաները սահմանին ապօրինի պահելու համար:
Ընկերության համահիմնադրի խոսքով՝ զարմանալի է, որ այս իրավիճակում խնդիր է ստեղծվում ալյուրի ներկրման համար, իսկ ՌԴ-ից անգամ առաջարկ է եղել բեռները հետ տանել, այնտեղ վաճառել:










