ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսի հետևանքով շուրջ 4600 մարդ է մահացել

12:12 • 17.04.20

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մեկ օրվա ընթացքում ռեկորդային քանակությամբ զոհեր են գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին:

Համալսարանի հաշվարկներով՝ ապրիլի 15-16-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 4591 մարդ, գրանցվել է վարակման 31 451 նոր դեպք: Մահացության դեպքերի թիվն օրվա ընթացքում գրեթե կրկնակի ավել է միջին ցուցանիշից:

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 678 210 դեպք, մահվան դեպքերի թիվը հասել է 34 641-ի:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 183 581 է, մահացել է 146 856 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: