Մարդկանց միջանկյալ խմբեր կան, որոնք չեն կարողանում օգտվել Կառավարության առաջարկած ոչ աշխատողների, ոչ չաշխատողների ծրագրերից. Տարոն Սիմոնյան (տեսանյութ)

12:47 • 17.04.20

Կառավարության ներկայացրած հակաճգնաժամային փաթեթներից օգտվելու, դրանք լրացնելու հարցում շատ դեպքերում քաղաքացիները դժվարություններ են ունենում: Միջոցառումներն էլ տեխնիկապես կատարյալ չեն աշխատում: Այս մասին Ազգային ժողովում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

«Խնդիրների վերաբերյալ զանգերի քանակը շատ է: Բայց մեր քաղաքացիները, եթե քանակապես ասեմ, ավելի շատ բողոքում են, որ որևէ ծրագրի մեջ չեն ընդգրկվում, թեև նախապես իրենք կարծում էին, որ ինչ-որ մի ծրագրով աջակցություն կստանան»,- ասաց պատգամավորը:

Տարոն Սիմոնյանը նկատեց, որ Կառավարությունը ժամանակի ընթացքում ավելացնում է աջակցության ծրագրերը, ընդլայնում է շահառուների շրջանակը, բայց շարունակեն են մեծ թիվ կազմել այն քաղաքացիները, որոնք որևէ ծրագրում ընդգրկված չեն:

«Խոսքը սոցիալապես անապահով խմբերի մասին է, որոնք այս պահի դրությամբ չունեն աշխատանք, որովհետև իրենք նախկինում էլ գրանցված աշխատող չէին, բայց չեն բավարարում այն պայմաններին, որոնցով սոցիալական աջակցություն է տրամադրվում, օրինակ՝ չաշխատող անձանց: Միջանկյալ մարդկանց խմբեր կան, որոնք ոչ ընկնում են այն կարգավորումների տակ, որտեղ աշխատողներն են ընդգրկվում, ոչ էլ ընկնում են այն կարգավորումների տակ, որտեղ չաշխատող անձինք են: Կան գրանցված աշխատողներ, որոնք օրավարձով էին աշխատում, և նրանք աշխատանքից դուրս չեն եկել, պարզապես, որ աշխատանքի չեն գնում, աշխատավարձ չեն ստանում»,- նշեց նա:

Պատգամավորի խոսքով՝ Կառավարության առաջարկած ծրագրերով պետությունից որոշակի օգնություն են ստանում այն անձինք, որոնք աշխատանքից ազատվել են կամ շարունակում են աշխատել, և պետությունը գործատուին 5-րդ աշխատողի դեպքում աջակցություն է տրամադրում:

«Բայց այն դեպքերը, երբ գործատուն աշխատանքից չի ազատում անձին և չի էլ կարողանում աշխատավարձ վճարել, այս դեպքերը խնդրահարույց են, և որևէ սոցիալական փաթեթով օգնություն չի ցուցաբերվում այս անձանց: Այս դեպքերը քանակապես շատ-շատ են»,- հայտնեց Տարոն Սիմոնյանը:

«Լուսավոր Հայաստանին» դիմել են նաև շատ քաղաքացիներ, որոնք այլ բժշկական օգնության կարիք ունեն և հիվանդանոց գնալու հետ կապված բավականին լուրջ խնդիրների առաջ են կանգնել. «Օրինակ՝ քաղաքացիները շաբաթական 1 կամ 2 անգամ պետք է գնան հիվանդանոց, բուժում ստանան, հետ գան, բայց տաքսու գումար չունեն, հանրային տրանսպորտը չի աշխատում, և չգիտեն ինչ անեն»:

Արտակարգ դրության 1 ամսով երկարաձգումը, ըստ Տարոն Սիմոնյանի՝ խնդրահարույց է. «Մենք այսպես երկար ժամանակ չենք կարող, տնտեսությունը փակ պահել: Առանց այդ էլ քիչ ռեսուրսներ ունեցող պետություն ենք, այս պայմաններում պետք է տնտեսությունը աշխատի: Այս տրամաբանությունից ելնելով՝ մենք պետք է կարողանանք ճիշտ ճանապարհն ընտրել արտակարգ դրությունից դուրս տնտեսությունը վերականգնելու այնպես, որ դա հանրային առողջությանը որևէ ձևով չվնասի: Կոպիտ ասած, սովորել ապրել կորոնավիրուսի հետ»,- ասաց նա:


Մանրամասները՝ տեսանյութում: