Ուհանում կորոնավիրուսի զոհերի թիվը վերահաշվարկից հետո ավելացել է 1290-ով

12:00 • 17.04.20

Չինական Ուհան քաղաքի իշխանությունները կորոնավիրուսով վարակման և մահվան դեպքերի վիճակագրության վերահաշվարկ են արել, որի արդյունքների համաձայն՝ զոհերի թիվն ավելացել է 1290-ով` հասնելով 3869-ի, վարակման դեպքերի թիվն ավելացել է 325-ով` հասնելով 50 333-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով քաղաքի ղեկավարությանը:

«Վարակման դեպքերի թիվն ավելացել է 325-ով` հասնելով 50 333-ի, զոհերի թիվն ավելացել է 1290-ով` հասնելով 3869-ի»,-ասված է քաղաքային իշխանության տարածած հաղորդագրության մեջ:

Այսօր առավոտյան Չինաստանի առողջապահության պետական կոմիտեն վիճակագրություն էր հրապարակել, ըստ որի համաճարակի ամբողջ ընթացքում Ուհանում գրանցվել է վարակման 50 008, մահվան` 2579 դեպք:

Այսպիսով՝ ավելացել են նաև Չինաստանի ընդհանուր ցուցանիշները, վարակման դեպքերը հասել են 82 692-ի, մահվան դեպքերը` 4632-ի:

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ «համաճարակի վաղ շրջանում բժշկական որոշ հաստատություններ չեն կարողացել ժամանակին միանալ միասնական տեղեկատվական համակարգին, հիվանդանոցները լի են եղել մարդկանցով, բուժանձնակազմը զբաղված է եղել բուժումով և օբյեկտիվորեն որոշ հաշվարկներ ուշացումով են ներկայացվել, որոշ տեղեկություններ բաց են թողնվել, որոշ տվյալներ էլ սխալ են եղել»:

«Համաճարակի վերահսկման և դրա կանխարգելման շտաբն Ուհանում մեծ նշանակություն է տալիս նոր տիպի կորոնավիրուսից վարակման և մահվան դեպքերի ցուցանիշների շտկումներին` հիմնվելով պատմության, ժողովրդի և մահացածների առաջ պատասխանատվության սկզբունքի վրա, հավատարիմ է իրական փաստերի վրա հիմնվելու դիրքորոշմանը և ակտիվորեն ուղղումներ է անում»,-ասված է փաստաթղթի մեջ:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 183 581 է, մահացել է 146 856 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: