Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 385-ի, բուժվել է 84 վարակակիր

15:55 • 18.04.20

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 385-ի, բուժվել է 84 վարակակիր, հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի հատուկ կայքում, գրում է ria.ru-ն։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 մարդ, կարանտինի ռեժիմի տակ է գտնվում 4971 մարդ, հսկողության տակ`519-ը, արտասահմանից վերադարձած և կորոնավիրուսի ախտորոշում ունեցող Վրաստանի քաղաքացիների թիվը՝ 3 է, հաղորդվում է կայքում: 

Վրաստանի կառավարությունը որոշել է արտակարգ դրությունը երկարաձգել մինչև մայիսի 10-ը, դրա հետ մեկտեղ արգելվել է մեկնել երկրի խոշոր քաղաքներ, այդ թվում՝ Թբիլիսի: Իշխանությունները նաև համընդհանուր կարանտին և պարետային ժամ են սահմանել։ Ավիահաղորդակցությունը դադարեցվել է բոլոր երկրների հետ։ Վրաստանի իշխանությունները ապրիլի 17-ից 21-ը նաև ամբողջ երկրի մասշտաբով արգելք են սահմանել բոլոր տեսակի մարդատար ավտոմեքենաների տեղաշարժի համար: 

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 261 046 է, մահացել է 154 726 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: