Ժիրինովսկին ռուս գործարարներին կոչ է արել կորոնավիրուսի համավարակի ֆոնին իրենց ունեցվածքի մի մասը տրամադրել ՌԴ քաղաքացիներին
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ գործարարներն իրենց ունեցվածքի մի մասը կորոնավիրուսի համավարակի պայմաններում պետք է տրամադրեն ՌԴ քաղաքացիներին՝ նյութական օգնություն ցուցաբերելու համար, գրում է ria.ru-ն։
«Մենք շատ գործարարներ ունենք, որոնք միլիարդավոր դոլարների խնայողույթուններ ունեն։ Նրանք տարիներ շարունակ հարստացել են մեր երկրում, և այժմ Աստված է պահանջում փոխանցել իրենց ունեցվածքի մի մասը՝ քաղաքացիներին նյութական օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է Ժիրինովսկին իր Telegram-ալիքում։
Վերջին տվյալներով Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 36 793 դեպք, որից 313-ը՝ մահվան ելքով։
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 261 046 է, մահացել է 154 726 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










