4785 նոր դեպք. Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշ է գրանցվել

17:21 • 18.04.20

Ռուսաստանում անցած օրվա ընթացքում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման 4 785 նոր դեպք: Երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36 793-ի, հայտնում է համաճարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Վերջին օրերին COVID-19-ի դեպքեր են գրանցվել Ռուսաստանի 79 շրջաններում։ Նոր դեպքերի մեծամասնությունը հայտնաբերվել է Մոսկվայում՝ 2649 վարակակիր։ Եվս 428-ը՝ Մերձմոսկվայում, 139-ը՝ Սանկտ Պետերբուրգում։

Վերջին մեկ օրում մահացել է 40 մարդ, որոնցից 21-ը՝ Մոսկվայում։ Երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 313-ի, ապաքինվածներինը՝ 3 057-ի։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 2 261 046 է, մահացել է 154 726 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 210 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: