Ապացույց չկա, որ հակամարմինների թեստերը որոշում են կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի առկայությունը. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ չկա որևէ ապացույց, որը թույլ կտար ենթադրել, որ արյան մեջ հակամարմինների առկայությունը խոսում է կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի առկայության մասին:
Ինչպես փոխանցում է CNN-ը, նման կարծիք է հայտնել ԱՀԿ-ի անհապաղ բուժօգնության գծով գործադիր տնօրեն Մայք Ռայանը՝ նշելով, որ ապացույց չկա, որ բնակչության մեծ մասի մոտ իմունիտետ է զարգանում վիրուսի նկատմամբ:
«Ակնկալվում էր, հավանաբար, որ մեծամասնության մոտ իմունիտետ կզարգանար, և նրանց մոտ հակամարմիններ կձևավորվեին: Կարծում եմ՝ ընդհանուր իրավիճակը դրա հակառակն է ապացուցում, այսինքն՝ դա չի կարող լուծել այն խնդիրը, որը փորձում են կարգավորել կառավարությունները»,- հեռուստաալիքը մեջբերում է Ռայանին:
Գիտնականներին այժմ հետաքրքրում է, թե ինչպես է կորոնավիրւսից բուժված անձանց մոտ ձևավորվող հակամարմինն արձագանքում Covid-19-ին: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դայի խոսքով՝ ներկա պահին հակամարմինների թեստեր մշակելու աշխատանքներ են տարվում:










