Ապօրինի գույքի բռնագանձման օրենքից կիսատություն է բուրում, այն չի տալիս բազմաթիվ էական հարցերի պատասխաններ և մինչև վերջ ուսումնասիրված ու հաշվարկված չէ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)
«Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթացքում հեղինակը նկատում է՝ հասարակության գերակշիռ մասին մեկ հարց է հետաքրքրել երկար ժամանակ՝ ինչպե՞ս վերադարձնել հարկատուի փողերից գողացված գույքը՝ պետությանը, պետությունն էլ՝ ժողովրդին: Ընդ որում՝ գաղափարը որևէ ֆիլտրացում չի անցնում:
Նրա ձևակերպմամբ՝ եթե անձը կասկածելի գույք ունի, ապա ոչ թե դատարա՛նն է ապացուցելու նրա մեղքը, այլ՝ մարդն ինքը պիտի ապացուցի իր անմեղությունը: Մոտավորապես նման ձևակերպում կարելի է տալ ԱԺ ընդունած օրենքին, որը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձմանը:
Ըստ Աբրահամ Գասպարյանի՝ հարցին կարելի է նայել նաև իշխանական դիրքերից՝ սա պայքար է կոռուպցիայի դեմ: Իսկ հանրության ձևակերպումը շատ ավելի պարզ է՝ ժողովրդի փողերով թալանվածը պետք է վերադարձվի ժողովրդին:
«Այսպես. եթե անձն ունի ապօրինի ծագում ունեցող գույք, ապա դատարանը կարող է ուսումնասիրել փաստերն ու ապացույցները, գնահատել այդ գույքի շուկայական գինը՝ ձեռք բերված տարում, և եթե տեսնի, որ այն գերազանցում է 50 մլն դրամը, ապա գույքը կբռնագանձվի: Կուսումնասիրվի այն գույքը, որը ձեռք է բերվել անկախության ամսաթվից՝ 91-ի սեպտեմբերի 21-ից հետո, իսկ հիմնականում՝ քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռք բերված գույքի օրինականությունը»,-նշել է Աբրահամ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ ցանկացած շքեղ առանձնատան կողքով անցնելիս առաջինը մարդուն հուզում է հետևյալ հարցը՝ որտեղի՞ց այս մարդուն այսքան փող, եթե պաշտոնյա է, ուրեմն հաստատ թալանել է: «Եվ քանի որ մոտ երեք տասնամյակ մեր երկրում գերակայող են եղել կոռուպցիոն հարաբերությունները, կասկածելի ծագմամբ փողերի շրջանառությունը, հովանավորչությունը, հոգեբանորեն պատրաստ ենք եղել այդ առանձնատան տիրոջը միանգամից պիտակավորելու և ասելու՝ գող կամ ավազակ»:
Ըստ նրա՝ Հաղթանակի զբոսայգու դիմացի մայթով քայլելիս կարելի է համոզվել... աղքատ երկրում նման շքեղ առանձնատների առկայությունը նվազագույնը կասկածներ է առաջացնում:
«Անմեղության կանխավարկածը չեմ ուզում խախտել: Հակառակը: Կան մեծահարուստներ, որոնք աշխատել են բարեխիղճ, կամ, ավելի ճիշտ կլինի նման իրավիճակում մեջբերել մեծահարուստներին բնորոշ պատասխանը՝ մի հարցրու ինձ առաջին 1 միլիոնի մասին, հետո՝ բոլոր փաստաթղթերս ցույց կտամ: Ես կողմ եմ, որ մարդիկ լինեն հարուստ, ավելին՝ պետությունը պիտի՛ ունենա հարուստների խավ, որոնց հարկերի, բիզնեսների, տնտեսական գործունեության շնորհիվ՝ պետությունը կհարստանա ու մեզ կտա՝ աշխատավարձ-թոշակ-նպաստ: Ես չեմ վիճարկում նման օրենք ընդունելու անհրաժեշտությունը»,-նշել է մեկնաբանը:
Նրա կարծիքով՝ նույնիսկ ուշացած է, եթե նախկին իշխանությունը լրջորեն մտածեր երկրում կոռուպցիան վերահսկելի դարձնելու մասին, պետությունն այսօր գուցե ավելի զարգացած տնտեսություն ունենար:
«Խնդիրն այն է, որ այս օրենքը չի տալիս բազմաթիվ էական հարցերի պատասխաններ, որ ամբողջությամբ մինչև վերջ ուսումնասիրված ու հաշվարկված չէ, որ մի տեսակ կիսատություն է բուրում, որ ավելի շատ տպավորություն է թողնում, որ իշխանությունն աշխատում է, գործ է անում, ուզում է ցույց տալ այդ գործը, որ պետք է գովել ու խրախուսել իշխանությանը, որ նման օրենք է մշակում ու մոբիլիզացնում, որ իշխանության այս նախանձախնդրությունը քննադատող մամուլը վատն է, որ այդ լրատվամիջոցները ապօրինի ծագման կամ թալանված փողերով են աշխատում, որ, որ, որ...»,-ասել է Աբրահամ Գասպարյանը:
Նրա խոսքով՝ հասկանալի է, որ գիտակից ու մտածող մարդու համար կա մեկ՝ արդյունավետության ինդիկատոր: Եթե անցումային արդարադատության ու վեթինգի մասին օրենքներն ընդունվեին ու շարքային քաղաքացին տեսներ, որ գործ է արվում, կան հարուցված քրեական գործեր, կան պատժված թալանչիներ և այլն և այլն, կլիներ հասկանալի, իսկ եթե պաթոսն անբաժան է քո հռետորաբանությունից, ապա հայտարարություններդ հավատ չեն ներշնչում:
«Եթե իշխանությունը կամ ընդդիմությունը նման օրինագիծ է բերում օրակարգ, ուրեմն պետք է ունենա հստակ հաշվարկ, կամ՝ նվազագույնը մոտավոր թիվ այդ սև ցուցակի «հերոսների» մասին: Օրինակ՝ երկրում կա հազար հատ Պողոս Պողոսյան, որոնք նախկինում, դիցուք, 5 տարի զբաղեցրել են բարձր պաշտոն, կառավարման տարիներին էլ՝ իրենց հարազատի, ընկերոջ, բարեկամի, զոքանչի անունով ձևակերպել են գույք, տարածք, արտարժույթով հաշիվներ, մսխել են այսքան գումար, պետությանը պատճառել այսքան վնաս: Եթե օրակարգ ես բերում նման օրինագիծ, պիտի իրավապահին տաս անհրաժեշտ գործիքակազմ՝ ոչ թե կասկածյալին ասելու՝ ապացուցի՛ր անմեղությունդ, այլ հստակ փաստերով ապացուցես նրա մեղավորությունը»,-ասել է Աբրահամ Գասպարյանը:
Նրա ձևակերպմամբ՝ նման օրենք կյանքի կոչելու համար անհրաժեշտ է քաղաքական զինանոցում ունենալ ռազմավարություն և նպատակին հասնելու մարտավարություն։
«Այլապես՝ պանդեմիայի պայմաններում փողի աղբյուրից կտրված ու պետության տված ֆինանսական աննշան աջակցության հույսին մնացող քաղաքացու մոտ կառաջա հարց՝ սա հերթական կիսատ մնացած նախաձեռնությու՞նն է, որի համար պետք է գովեմ իշխանությանը, թե՞ այս հարցի մասին խոսող մամուլը խանգարում է իշխանությանը՝ պոպուլիզմի փոխարեն զբաղվել գործով»,-եզրափակել է մեկնաբանը:
«Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ամբողջական տարբերակը կարող եք դիտել ստորև:










