Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 20 000-ը
Իսպանիայում կորոնավիրուսի հետևանքով վերջին մեկ օրում 565 մարդ է մահացել: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունն այս շաբաթ հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից, որի տվյալներով՝ նախօերին մահվան 585 դեպք էր գրանցվել:
Այսպիսով Covid-19-ով պայմանավորված հիվանդությունից երկրում մահացածների թիվը հասել է 20 043-ի: Համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվել է 191 726 մարդ:
Իսպանիայի իշխանությունները զգուշացնում են, որ տվյալները կարող են տատանվել, քանի որ վարակվածների հայտնաբերման նոր համակարգ է գործարկվել, ինչպես նաև թեստավորումների քանակը երկրի ողջ տարածքում ավելացվել է:
Նշվում է, որ վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացածների թվում է նաև Իսպանիայի ականավոր բժիշկներից մեկը՝ Խեսուս Վակերոն, որը ղեկավարում էր Մադրիդի Puerta del Hierro հիվանդանոցի նյարդավիրաբուժության բաժանմունքը:










