«Դեռևս մեկ կամ երկու տարի բնականոն կյանքին չենք կարողանա վերադառնալ»․ Բիլ Գեյթս
Մարդկությունը բնականոն կյանքին կկարողանա վերադառնալ միայն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծումից հետո: Դա տեղի կունենա մեկ-երկու տարուց ոչ շուտ, հայտարարել է ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, գրում է Le Figaro պարբերականը։
«Դեռևս մեկ կամ երկու տարի բնականոն կյանքին չենք կարողանա վերադառնալ։ Մենք այս փուլից կարող ենք դուրս գալ միայն այն ժամանակ, երբ կառուցենք մի համակարգ, որը թույլ կտա բացառել համավարակի վերսկսման վտանգը»,- պարզաբանել է Գեյթսը։
Գեյթսը նշել է, որ թեստավորման և վարակակիրների շրջանակները պարզելու մեթոդները շատ երկրների արդեն թույլ են տվել արագ գտնել հիվանդության օջախները և վերահսկել դրանք: Սակայն համավարակից հետո բնականոն կյանքին վերադառնալը հեշտ չի լինի, քանի որ մարդկանց մեջ կմնա վարակվելու վախը:
«Նույնիսկ իշխանությունները չեն կարողանա մարդկանց մարզադաշտ վերադարձնել այնքան ժամանակ, քանի դեռ չի ապացուցվել, որ բուժումը կամ պատվաստումը կարող է կանխել հիվանդության մահվան դեպքերը»,- կարծում է Գեյթսը:
Ավելի վաղ Գեյթսը CNN-ի հետ զրույցում պաշտպանել էր Չինաստանին՝ պնդելով, որ «Չինաստանը շատ բան է արել կորոնավիրուսի համավարակի սկզբում»։
«Չինաստանը համավարակի բռնկման հենց սկզբում շատ բան է արել։ Նրանք, իհարկե, կարող են հետ նայել ու մատնանշել իրենց բացթողումները»,- ասել էր Գեյթսը։
Միլիարդատերը հայտնել էր, որ ԱՄՆ-ի՝ COVID-19-ին ուղղված պատասխան գործողություններն այլ երկրների համեմատ, որոնք նվազագույնի են հասցրել տնտեսական վնասը, «անհամեմատ վատ էին»։
«Որոշ երկրներ շատ արագ արձագանքեցին և անցկացրին իրենց թեստավորումները՝ այդպիսով խուսափելով հսկայական տնտեսական կորուստներից։ Ցավալի է, որ ԱՄՆ-ն, որն, ինչպես ենթադրվում էր, կազմակերպված կգործի, անհամեմատ վատ գործեց։ Բայց հիմա դրա մասին խոսելու ժամանակը չէ»,- հավելել էր Գեյթսը։










