101 կողմ և 17 դեմ. ԱԺ-ն ընդունեց 2020-ի պետբյուջեի փոփոխությունների մասին նախագիծը

15:06 • 29.04.20

Ազգային ժողովն ընդունեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի, որով համավարակի տնտեսական ազդեցությունը մեղմելու համար նախատեսվում է ներգրավել մոտ 260 մլրդ դրամ լրացուցիչ պարտքային միջոցներ:

Վարման կարգով «Իմ քայլից» Բաբկեն Թունյանը «Լուսավոր Հայաստանի» գործընկերներին հրավիրեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ թղթի վրա ցույց տալու 100 կամ 200 միլիարդ դրամի տեղը, ինչի մասին բարձրաձայնում էր Էդմոն Մարուքյանը:

«Եթե դուք մեզ ցույց կտաք, հետո էլ կհիմնավորեք, որ ճիշտ է, մենք խոստանում ենք, որ ձեր կողքը կանգնենք ու ձեր գաղափարը կյանքի կոչենք»,- հայտարարեց նա:

Այսպիսով նախագիծը ընդունվեց 101 կողմ և 17 դեմով:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան առաջարկել էր քաղաքացիներին կառավարության խնայողություններից գումար տալ և նշում, որ ինքը գիտի դրա համար անհրաժեշտ գումարի տեղը: