Թրամփը չի պատրաստվում ապրիլի 30-ից հետո երկարաձգել սոցիալական հեռավորության պահպանման սահմանափակումների ժամկետը

11:37 • 30.04.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դաշնային կառավարությունը չի երկարաձգի սոցիալական հեռավորություն պահպանման անհրաժեշտությանն ուղղված սահմանափակումների ժամկետը՝ չնայած երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է 60 000-ը: Այս մասին գրում է The Guardian պարբերականը՝ մանրամասնելով, որ ժամկետը լրանում է ապրիլի 30-ին:

Պարբերականը տեղեկացնում է նաև, որ Թրամփը կրկին դրական լույսի ներքո է ներկայացրել կորոնավիրուսի դեպքերի հետ կապված վերջին մռայլ վիճակագրությունը, իսկ նրա փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները նախագահական աշխատակազմի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում այդքան քննադատվող քաղաքականությունը «մեծ հաջողության պատմություն» է անվանել:

Ըստ պարբերականի՝ Սպիտակ տունը փորձում է անցնել ճգնաժամի մյուս փուլի խնդիրներին` ցանկանալով նահանգ առ նահանգ վերականգնել երկրի տնտեսությունը:

ԱՄՆ նախագահը նշել է նաև «Ռեմդեսիվիր» կոչվող դեղամիջոցի փորձարկումների հաջողությունների մասին` ասելով, որ այն հնարավոր է դառնա կորոնավիրուսը բուժող դեղամիջոց:

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 60 207 դեպք, վարակման դեպքերի թիվը 1 030 487 է: ԱՄՆ-ն այս վարակի պատճառով ավելի շատ մարդկային կյանքեր է կորցրել, քան Վիետնամի պատերազմում, որի ժամանակ մահացել է 58 220 ամերիկացի: Երկիրը կորոնավիրուսով ախտահարվածների և դրա հետևանքով մահացածների ցուցանիշներով աշխարհում առաջատար է: