«Մարդկանց վերադարձրե՛ք նրանց գրողի տարած ազատությունը»․ Իլոն Մասկն ԱՄՆ կառավարության՝ տանը մնալու հորդորները «ֆաշիստական» է անվանել

10:51 • 30.04.20

Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր-ղեկավար Իլոն Մասկը Tesla-ի  երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության տվյալները հրապարակելուց հետո նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով ԱՄՆ կառավարության՝ տանը մնալու հորդորները «ֆաշիստական» է անվանել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Գործարարի խոսքով՝ չնայած Tesla ընկերության արժեթղթերն ընդլայնված առևտրի շնորհիվ թանկացել են 9 տոկոսով՝ հասնելով 873 դոլարի, երկրում շատ ավելի փոքր ընկերություններ կան, որոնք իրավիճակի շարունակման դեպքում, չեն կարողանա դիմանալ։

Նշվում է, որ Tesla-ի աշխատանքն այս օրերին խափանված է, և քանի որ այն առաջնային կարևորության բիզնես չի համարվում, ընկերության գործունեությունը մինչև մայիսի 31-ը կառավարության հատուկ ցուցումներով կասեցված կլինի։

«Կարծում եմ մարդիկ չափազանց բարկացած են լինելու կառավարության այս որոշմամբ, և արդեն բարկացած են: Եթե որևէ մեկը ցանկանում է մնալ տանը, հրաշալի է, նրանց այդ հնարավորությունը պետք է տրվի, և որևէ մեկը չպետք է ստիպի նրանց լքել տունը: Սակայն ասել, թե մարդիկ չեն կարող լքել իրենց տները, և դուրս գալու համար նրանց ձերբակալելը «ֆաշիստական» մոտեցում է։ Դա ժողովրդավար քայլ չէ, սա ազատություն չէ։ Մարդկանց վերադարձրե՛ք նրանց գրողի տարած ազատությունը»,- հավելել է Մասկը։