Գրետա Թունբերգը կորոնավիրուսի ֆոնին UNICEF-ին 100 000 դոլար է նվիրաբերել
Շվեդ էկոակտիվիստ Գրետա Թունբերգն ավելի վաղ բնապահպանության ոլորտում «համաշխարհային մակարդակով ակտվիություն» ցուցաբերելու համար որպես պարգև ստացած 100 000 դոլարը նվիրաբերել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին՝ UNICEF-ին՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցություն, հայտնում է Daily Mail պարբերականը։
17-ամյա ակտիվիստուհին ողջունել է երեխաների կյանքեր փրկելու գործում UNICEF-ի կատարած աշխատանքը՝ նկատելով, որ «ինչպես կլիմայական ճգնաժամը, այնպես էլ համավարակը երեխաների իրավունքների ճգնաժամ է»։
Շվեդուհին կրկին կոչ է արել կառավարություններին անգամ առողջապահական ոլորտի այս ճգնաժամային իրավիճակում չմոռանալ կլիմայական փոփոխության դեմ պայքարի մասին՝ զգուշացնելով, որ «գլոբալ տաքացումը չի հապաղում»։
Հայտնի է, որ Թունբերգը գումարը նախկինում ստացել էր Human Act կոչվող դանիական հիմնադրամի միջոցով, որն այժմ պատրաստվում է իր կողմից առանձին ևս 100 000 դոլարի նվիրատվություն կատարել։
Նշվում է, որ UNICEF-ը գումարը փակված դպրոցների և համաշխարհային սահմանափակումների ռեժիմից տուժած երեխաների օգնությանը կուղղի։










