Կորոնավիրուսը «բուժելու» համար Թրամփի խորհուրդ տված դեղորայքի պահանջարկն առցանց հարթակում ավելացել է 1000 տոկսով
Առցանց հարթակում հիդրոքսիքլորոխին (hydroxychloroquine) կոչվող դեղամիջոցի պահանջարկը 1000 տոկոսով ավելացել է նրանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առանց որևէ գիտական հիմնավորման հայտարարել էր, թե այն բուժում է կորոնավիրուսը, հայտնում է The Guardian պարբերականը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդության համար հաստատված դեղատոմսային բուժում դեռևս չկա։ Չնայած ապացույցների բացակայությանը՝ նախագահի՝ դեղամիջոցի մասին դրական կարծիքից հետո, հիդրոքսիքլորոխի և դրա քիմիական «զարմիկ» քլորոխինի վերաբերյալ առցանց որոնումներն ավելացել են համապատասխանաբար 1389 և 442 տոկոսներով։
«Գիտենք, որ բարձրաստիճան մարդկանց հավանությունը կարևոր դեր ունի գովազում, այդ պատճառով էլ միանգամայն նորմալ է, որ նման խոսքերը կարող են մարդկանց մոտ այդ դեղորայքը գնելու ցանկություն առաջացնել»,- նշել է Օքսֆորդի համալսարանի ուսանող Մայքլ Լիուն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am կայքը, անցկացված ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ հիդրոքսիքլորոխին (hydroxychloroquine) կոչվող դեղամիջոցով (օգտագործվում է ռևմատոիդ արթրիտի և մալարիայի դեմ) բուժման դեպքում, կորոնավիրուսով հիվանդների մահանալու հավանականությունը մի քանի անգամ մեծանում է։
Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, հիդրոքսիքլորոխին դեղամիջոցը արդյունավետ չէ կորոնավիրուսի բուժման համար, ինչպես նախկինում պնդում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հետազոտողները վերլուծել են մինչև ապրիլի 11-ը կորոնավիրուսից մահացած և վարակից ապաքինված 368 տղամարդու բուժման արդյունքները: Պարզվել է, որ հիդրոքսիքլորոխին ստացած հիվանդների 28 տոկոսը մահացել է, մինչդեռ հիվանդների 11 տոկոսը, որը ստացել է սովորական բուժում, ապաքինվել է։










