Զբոսաշրջության ոլորտի շատ տնտեսվարողներ կանգնած են սնանկացման վտանգի առաջ, իսկ ներկայիս միջոցառումներով ոլորտը չենք կարող փրկել. Մեխակ Ապրեսյան

22:26 • 02.05.20

Բոլորի համար ակնհայտ է, որ առաջին կիսամյակը զբոսաշրջության իմաստով արդեն կորցրել ենք, քանի որ հունիս ամսվա այցելություններն ամբողջությամբ չեղարկված են, ներքին զբոսաշրջությունը կանգնած է, քանի որ տեղաշարժը սահմանափակված է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը՝ ներկայացնելով նաև, թե որքան է տուժել երկիրը ոլորտի գործունեությունը կանգնեցնելուց հետո:

«Եթե համեմատենք անցած տարվա միայն ներգնա զբոսաշրջության ցուցանիշների հետ, կտեսնենք, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմում է 770 հազար, իսկ եթե հաշվի առնենք, որ ըստ ուսումնասիրության՝ մեկ զբոսաշրջիկը մեկ այցելության ընթացքում Հայաստանում ծախսում էր միջինը 700-800 դոլար, և դա բազմապատկենք զբոսաշրջիկների թվի հետ, ապա կստացվի, որ այդքան եկամուտ միայն ներգնա զբոսաշրջությունից է եղել: Եթե նույնիսկ հաշվի չառնենք, թե որքան աճ պետք է ունենայինք այս տարի, ապա առնվազն այդքան եկամուտ կորցրել ենք ներգնա զբոսաշրջության արդյունքում: Եթե կոպիտ հաշվարկ անենք, ապա կստացվի, որ դրա 20 տոկոսի չափով բյուջեի եկամուտներն են նվազել»,-ասաց նա:

Մեխակ Ապրեսյանը նշեց, որ ոլորտի տնտեսվարողները եկամուտից զրկված են և աջակցության կարիք ունեն: «Զբոոսաշրությունը չի մահացել, այն դեռ ապրելու է և իր հետ ապրեցնելու է, պարզապես կանգնած է, քնած է և անհրաժեշտ է փրկել զբոսաշրջության ոլորտը փլուզումից»,-ասաց նա և նշեց, որ Տուրիզմի հայկական ֆեդերացիան առաջարկություն է ներկայացրել կառավարությանը, քննարկումներ են ունեցել պատգամավորների հետ:

«Շատ տնտեսվարողներ կանգնած են, ըստ էության, սնանկացման իրական վտանգի առաջ».-ասաց նա և նշեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերը թեև ողջունելի են, բայց կարևորեց զբոսաշրջության ոլորտին առանձնահատուկ ուշադրություն դարձնելը:

«Բոլորս գիտակցում ենք, որ առաջինը առավելապես բացասական հետևանքներ կրում է զբոսաշրջության ոլորտը, և հաշվի առնելով ոլորտի առանձնահատկությունը՝ պետք է առանձին միջոցառում լինի զբոսաշրջության ոլորտի համար»,-ասաց նա և նկատեց, որ առանձին միջոցառումների մեջ թեև ներառվում է զբոսաշրջության ոլորտի տարբեր ծառայություններ, սակայն եթե ուզում ենք էական աջակցություն ցուցաբերել զբոսաշրջութան ոլորտին, պետք է առանձահատուկ մոտեցում ցուցաբերենք:

Նա հայտնեց, որ իրենց առաջարկություններից երկուսն ընդունվել են, ինչը գնահատելի է, բայց բավարար չէ: Ըստ նրա՝ ներկայումս իրականացվող միջոցառումներով զբոսաշրջության ոլորտը չի կարող փրկվել:

«Զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողները զրկված են եկամուտներից, սակայն վարկային, հարկային պարտավորություններ ունեն, ունեն աշխատատեղերը պահպանելու հրամայական և մեծ ցանկություն ու ջանք չենք խնայում դրա համար, սակայն դա չի կարող երկար տևել, իրական վնասներ կուենանք դրա հետևանքով»,-ասաց նա և նկատեց, որ շատերը վարկեր ունեն վերցրած, և Տուրիզմի հայկական ֆեդերացիան առաջարկում է արտոնյալ վարկեր տրամադրել նրանց:

Մեխակ Ապրեսյանն ասաց, որ շատ օբյեկտներ, զբոսաշրջային օպերատորներ, տրանսպորտային ընկերություններ, հյուրանոցային տնտեսություններ, որոնք վարկային միջոցներ ներգրավելով ներդրումներ են կատարել, այսօր չեն կարողանում վարկային պարտավորությունները կատարել:

«Անհրաժեշտ է տրամադրել իրական վարկային արձակուրդներ, ոչ թե ներկայիս նման ասեն՝ երեք ամիս մի տվեք, հետո չորրորդ ամսում կգաք ամբողջ գումարը կտաք, քանի որ այդպես ավելի ծանր կացության մեջ են դնում տնտեսվարողներին: Իրական վարկային արձակուրդ ասելով՝ նկատի ունեմ, որ ողջամիտ ժամկետում ամբողջ վարկի մարման գրաֆիկը տեղափոխել»,-ասաց նա: