Շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը, հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել. Գևորգ Գորգիսյանը՝ ՔԱԿ-ի մասին (տեսանյութ)

17:31 • 06.05.20

ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը անդրադարձավ ավիացիայի խնդրին և նշեց, որ եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությունը խնդիրներ էր հայտնաբերել, և սև ցուցակում հայտնվելու խնդիր կա: «Ըստ այդմ շուտով քննարկվելու է Հայաստանը սև ցուցակում ընդգրկելու հարցը: Հայկական երկու ավիաընկերություններին արգելվելու է թռիչքներ իրականացնել»,-ասաց նա:

Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և նշեց, որ մայիսի 12-ին կայանալու է նիստը, որի ընթացքում քննարկվելու է որոշումը: «Բազմիցս հարցը բարձրաձայնվել է, խոսքը չի գնում վերջին տարիների Քաղավիացիայի գործունեության մասին, այլ գնում է կոմիտեի՝ բազմաթիվ տարիների գործունեության մասին: Եվ, այո, միանշանակ եղել են թերացումներ: Եվ այդ թերացումները վերացնելու ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացվել են շատ կտրուկ գործոողություններ, որոնք տասնամյակներով չեն իրականացվել: Կոմիտեն իր համապատասխան առարակությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստին: Դրանից հետո վերջնական որոշումը ստանալուց հետո կանենք որոշակի հետևություններ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պատգամավորի մտահոգությանը, որ հնարավոր է շուկան կորցնենք, փոխվարչապետը արձագանքեց, որ այդ շուկան չենք ունեցել, որ կորցնենք: «Ընդհանուր առմամբ այդ շուկա մտնելու համար նվազագույնը պետք է կարողություն ձևավորենք նախևառաջ Քաղավիացիայի կոմիտեում, երկրորդ հերթին՝ հայկական ավիաընկերություններում, որպեսզի կարողանանք եվրոպական, միջազգային ստանդարտներին համապատասխանել: Սա է լինելու մեր նպատակը: Մենք այս ուղղությամբ ենք շարժվելու: Համոզված եմ, որ այս խնդիրը կարգավորվող է՝ անկախ մայիսի 12-ի որոշումից »,-ասաց նա: