Թուրքիայի ՆԳՆ-ն 27 հետաքննություն է սկսել Ստամբուլի քաղաքապետի դեմ
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը 27 հետաքննություն է սկսել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ Էքրեմ Իմամօղլուի դեմ: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը:
Հետաքննությունները կապված են 2014-2019 թվականներին Իմամօղլուի կողմից գլխավորված Ստամբուլի Բեյլիքդյուզու շրջանի համայնքապետարանի գործունեության հետ:
2019 թվականի մարտի 31-ին Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների չեղարկումից և նոր ընտրությունների նշանակումից հետո Իմամօղլուի աշխատանքային գործունեության վերաբերյալ ուսումնասիրություն էր սկսվել: 6 ամիս տևած ուսումնասիրության ընթացքում քննվել են համայնքապետարանի կողմից 2156 ձեռնարկատերերին տրված լիցենզիաները, 5033 թույլտվությունները շինարարություն կատարելու համար, 685 հայտարարված մրցույթները և այլ փաստաթղթեր: Ուսումնասիրությունից հետո ՆԳՆ-ի թույլտվությամբ դատախազությունը 27 հետաքննություն է սկսել ընդդիմադիր քաղաքապետի նկատմամբ:
Հատկանշական է, որ ՆԳՆ-ի կողմից լիազորված ուսումնասիրության ղեկավար Արիֆ Յըլդըրըմը 2015 թվականի խորհրդարանական ընտրություններին պատգամավորի թեկնածու է եղել Թուրքիայում իշխող, երկրի նախագահի գլխավորած «Արդարություն և Զարգացում» կուսակցության ցուցակով:










