Հիվանդանոցից առաջարկել են, որ եղբորս տուն տեղափոխենք․ կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի եղբայր

13:12 • 18.05.20

Հիվանդանոցից առաջարկել են, որ եղբորս տուն տեղափոխենք, մենք համաձայնել ենք, բայց առաջիկայում տեղափոխել հնարավոր չի լինի: Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց Եղեգնաձորում դաժան ծեծի հետևանքով 8 ամիս կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:

«Այս պահին եղբորս առողջական վիճակը այնպիսին չէ, որ տեղափոխենք, երբ հնարավոր լինի, կտեղափոխենք: Բոլոր անհրաժեշտ պայամանները տանը պետք է ապահովենք, նրա խնամքը  պետք է կազմակերպվի, պետք է բուժքույր վարձենք, հնարավոր է՝ նաև տուն: Դեռ չգիտեմ՝ ինչպես ենք կազմակերպելու»,-ասաց նա:

Կարեն Մխիթարյանը նաև ընդգծեց, որ շարունակելու են պայքարել գործի ամբողջական բացահայտման համար: Նա շեշտեց, որ անելու են ամեն ինչ, որ նախկին մարզպետը ևս պատասխանատվության ենթարկվի:

Հիշեցնենք, որ փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծի էին ենթարկել 2019 թ. սեպտեմբերի 17-ին Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանության ընթացքում: Գործով կալանավորվել էր մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, որը մեղադրվում է դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար, ավելի ուշ մեղադրանք էր առաջադրվել նաև նրա եղբորը՝ Զավեն Գրիգորյանին, խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Զավեն Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել էր 1.5 մլն դրամի գրավի դիմաց: