Ստացվում է, որ մենք Արցախի բանակցություններում ոչ թե առաջընթաց, այլ հետքայլ արձանագրեցինք. Բելլա Լալայանը՝ Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության մասին
Արցախի նախագահի նախկին թեկնածու, քաղաքական գործիչ Բելլա Լալայանի խոսքով՝ իր համար անընդունելի է, երբ հայկական կողմը, անկախ նրանից, թե ով է ներկայացնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՝ ուրիշ մեկը խուսափում է օգտագործել «Արցախ» բառն այն դեպքում, երբ 2017թ. նոր սահմանդրությամբ անվանում ենք Արցախի Հանրապետություն, ոչ թե Լեռնային Ղարաբաղի, ինչը ասոցացվում է ԼՂԻՄ-ի հետ:
Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսից հետո եղած քննարկումներին, ըստ որոնց, վերջինս խուսափում է օգտագործել «Արցախ», «Արցախի իշխանություններ» արտահայտությունները:
«Ինձ համար ցանկալի է, և ինչ-որ տեղ նաև պարտադիր, որ քաղաքական գործիչը, այն էլ առաջին դեմքը կիրառի Արցախի Հանրապետություն տեմինը»,- ասաց նա:
Բելլա Լալայանը դժվարացավ ասել, թե ինչու է վարչապետը խուսափում մեզանում ընդունված տերմիններն օգտագործելուց, նշեց, որ չի ցանկանում մտածել, որ նա դիտավորյալ է դա անում: Դիտարկմանը, թե պատճառաբանվում է, որ դրանք ընկալելի և ընդունելի չեն միջազգային հանրության կողմից, արցախցի քաղաքական գործիչը պատասխանեց.
«Միջազգային հանրությունը մինչև հիմա չի ճանաչում Արցախի Հանրապետությունը,մենք պետք է պարտադրենք, որ ընդունեն: Եթե տեղի տանք միջազգային հանրության քմահաճույքներին, չենք հասնի մեր վերջնական նպատակին»,- ասաց նա:
Սխալ տերմինաբանության օգտագործումը, ըստ Բելլա Լալայանի, կարող է իսկապես խնդիր առաջացնել հայկական կողմի համար: «Ինչպես ասում են՝ ի սկզբանե բառն էր: Բառը, միտքը իրականություն դառնալու ուժ ունեն: Այնքան կարող ենք սխալ բառ օգտագործել, որ կորցնենք այն, ինչ ունենք կամ չտեղաշարժվենք դեպի մեր ցանկացած ուղղություն»,- ասաց նա:
Բելլա Լալայանի խոսքով՝ չնայած ինքը չի ցանկանում մտածել, որ Նիկոլ Փաշինյանը միտումնավեր է խուսափում «Արցախի իշխանություններ» արտահայտությունը օգտագործելուց, սակայն մյուս կողմից կարծում է, որ վարչապետը չէր կարող նման բացթողում անել:
«Նա լրագրող է, տարիներ շարունակ լուսաբանել է Հայաստանի և Արցախի քաղաքական կյանքը: Լինելով լրագրող՝ նա պետք է այդ տերմինալոգիայի խութերն իմանա, այնպիսի բառ չօգտագործի, որպեսզի հարվածի տակ դնի առանց այն էլ նվաղ մեր ձեռբերումները»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե կան մտահոգություններ, որ իր օգտագործած տերմինաբանությամբ նվազեցնելով Արցախի իշխանությունների կարգավիճակը՝ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է ստեղծում այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» համար, որ հավասար դիտարկվեն Արցախի իշխանությունների հետ, Բելլա Լալայանը պատասխանեց.
«Նման տերմինալոգիայով մենք հավասարության նշան ենք դնում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի և Արցախի իշխանությունների միջև: Իսկ նման բան գոյություն չունի, այն միֆ է: Մենք փոխարենը պայքարենք գոյություն չունեցող երևույթի դեմ, մեր տերմինալոգիայով ուժ ենք տալիս նրան և հավասարության նշան ենք դնում երկու հասկացությունների միջև, որոնցից մեկը մտացածին է, մյուսը՝ իրական, որի կիռականությանը հասնելու համար մենք դեռ աշխատանք ունենք անելու»:
Նա նկատեց, որ հայկական կողմը քայլեր չի անում այդ ոչ իրական համայնքի լեգիտիմացումը կասեցնելու ուղղությամբ, դեռ հակառակը, այնպես եղավ, որ այն մտավ քաղաքական դաշտ, և չի բացառվում, որ Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու պարագայում, այդ համայնքի ղեկավարն էլ մասնակցի: «Ստացվում է, որ մենք բանակցություններում ոչ թե առաջընթաց, այլ հետքայլ արձանագրեցինք»,- ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի անընդհատ հնչող հայտարարությանը, թե Արցախի հիմնահարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար, Բելլա Լալայանը նշեց.
«Ես կարծում եմ, որ հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ոչ թե երեք կողմի համար, այլ կոնկրետ՝ Արցախի համար, որովհետև այս հողի վրա ապրում և այն պաշտպանում է արցախցին: Ադրբեջանի ուզածը միայն Ղարաբաղը չէ, նա ցանկանում է նաև Երևանը: Ի՞նչ է նշանակում դա, պետք է հաշվի նստենք նաև այդ կարծիքի՞ հետ»,- ասաց նա:
Հռիփսիմե Հովհաննիսյան










