Տրամաբանական էր, որ քաղաքացիների կուտակումներ են լինելու, բոլորն էլ գիտեին՝ այսօր սպասարկման առաջին օրն է, և սպասելի էր, որ շատ մարդ է լինելու. Հաշվառման-քննական բաժնի պետը՝ առաջացած հերթի մասին
Երևանի հաշվռման-քննական բաժանմունքը շուրջ երկու ամիս քաղաքացիներին չի սպասարկել, դրա մասին բոլորը գիտեն, և սպասելի էր, որ կուտակումներ էին լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Սարգսյանը՝ խոսելով Երևանի տրանսպորտային միջոցների տեխզննման կայանում կուտակված հերթերի և սոցիալական հեռավորությունը չպահպանելու մասին:
«Միասին կբարձրանանք, և դուք ինքներդ կտեսնեք, թե ներսում աշխատանքը բավարար է կատարվում, թե ոչ: Մենք աշխատում ենք և քաղաքացիներին սպասարկում ենք արտակարգ պայմաններում: Այս կուտակումն առաջացել է առավոտյան իննին հինգ պակասից, և հիմա տեսնում եք 15-20 հոգի, որոնք ուզում են առաջինը և րոպե առաջ մտնել հաշվառման-քննական ստորաբաժանման տարածք»,- ասաց նա:
Սարգսյանը նշեց, որ բաժանմունքն առանց ընդմիջումների է աշխատում և հնարավորինս արագ է փորձում սպասարկել: Նրա խոսքով՝ այսօր հավաքված քաղաքացիները երկու խմբով էին եկել, մի մասը՝ վարորդական իրավունքի քննություններ հանձնելու համար, իսկ մյուսը՝ հաշվառման ստորաբաժանման կողմից սպասարկվելու համար:
«Վարորդական վկայականներ ստանալու համար քաղաքացիներ այլևս չկան: Տրամաբանական էր, որ քաղաքացիների կուտակումներ են լինելու, բոլոր քաղաքացիներն էլ գիտեին՝ այսօր սպասարկման առաջին օրն է, և սպասելի էր, որ շատ մարդ է լինելու: Այն քաղաքացիները, որոնք բողոքում են, որ հերթը դանդաղ է առաջ գնում, պետք է գիատկցեն, որ բացի իրենցից, նաև այլ քաղաքացիներ են սպասարկվում »,- նշեց նա:
Հաշվառման-քննական բաժնի պետը նշեց, որ այն ինքնուրույն ցուցակագրումը, որը քաղաքացիներն են արել, որևէ տեղ նշված չէ, բայց քանի որ իրենց մեջ ցուցակագրվել են աշխատակազմն այդ հերթականությամբ ընդունել է նրանց:
«Պահանջում ենք, խնդրում ենք, որ իրարից հեռու կանգնենք, այդ պահին հեռու են կանգնում, հետո նորից հավաքվում են: Բոլորն էլ իրենց անուններն ու ազգանունները լսում են: Աժիոտաժն այդ խմբավորված մարդիկ են ստեղծում, մնացածն իրենց ներս կանչելուն են սպասում»,- ներկայացրեց հաշվառման-քննական բաժնի պետը:










