Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը բացել է իր դռները հավատացյալների և ուխտավորների առաջ (տեսանյութ)
Կաթոլիկ եկեղեցու գլխավոր տաճարը՝ Վատիկանում գտնվող Սուրբ Պետրոսի տաճարը, բացել է իր դռները հավատացյալների և ուխտավորների առաջ, հայտնում է ANSA գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ տաճարը կորոնավիրուսի համավարակի հետևանքով փակվել էր մարտի 10-ին։ Կարանտինային ռեժիմի ընթացքում այնտեղ Հռոմի Ֆրանցիսկոս պապի գլխավորությամբ և որոշ մարդկանց ներկայությամբ ընդամենը մի քանի արարողություն է անցկացվել։ Նշվում է, որ այնտեղ ամեն օր միանձնուհիների ոչ մեծ խմբեր են աղոթել։
Երկուշաբթի առավոտյան Ֆրանցիսկոս պապը աղոթք է արել Հռոմի նախկին պապ Հովհաննես Պողոս 2–րդի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ՝ նրա գերեզմանի մոտ։
«Այսօր այստեղ մենք կարող ենք ասել՝ 100 տարի առաջ Աստված այցելեց իր ժողովրդին։ Նա մարդ ուղարկեց, նրան եպիսկոպոս լինելու և Եկեղեցին ղեկավարելու համար պատրաստեց»,- քարոզի ժամանակ հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։
Հայտնի է, որ Սուրբ Պետրոսի տաճար մուտքը վերահսկվելու է վատիկանյան ժանդարմների և Մալթայի օրդենի կամավորների կողմից։ Նշվում է, որ բոլոր այցելուները պետք է տաճար կատարած այցի ժամանակ անպայման անհատական պաշտպանիչ միջոցներից օգտվեն։










