Մասնագիտությամբ սպա. Ռազմական համալսարանում ընդունելությունը սկսված է

20:10 • 19.05.20

Նախ պապն էր, հետո՝ հայրը, հիմա էլ՝ Քրիստինեն: Ընտանեկան ավանդույթը շարունակում է 21-ամյա հրետանավորը: Արցախի Հաթերքից եկել է Երևան, հաջորդ տարի արդեն կավարտի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: Քրիստինեն չի մնա Երևանում. ծառայությունը կշարունակի Արցախում:

«Հայրս պաշտպանության բանակի հրետանավոր է, ու դեմ չի եղել որ ես էլ իր մասնագիտությամբ շարունակեմ: Իհարկե, տանը խորհուրդ տվել են, որ կարող եմ այլ մասնագիտություն ընտրել, բայց ես ընտրել եմ ռազմական գործը»,- ասաց կուրսանտ Քրիստինե Մաթևոսյանը:

Պատերազմի աստծո հետ խաղ չեն անում: Հրետանին է որոշում պատերազմի ճակատագիրը: Մի քանի միլիմետրի շեղում՝ և մարտը կարող ես տանուլ տալ: Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում սովորեցնում են դիպուկ կրակել:

 «Հակառակորդի կրակային խոցման խնդիրը իրականացնում է հրետանին այդ իսկ պատճառով շատ կարևոր է ունենալ պատրաստված ու որակյալ սպայակազմ»,- ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու եւ մարտական կիրառման ամբիոնի պետ Գևորգ Հարությունյանը:

Կուրսանտ Գևորգ Նիկողոսյանն էլ մանկուց է երազել զինվորական դառնալ: Երախտապարտ է ինստիտուտին՝ բարձրորակ գիտելիք, փորձ ու հմտություն տալու համար:

«Այս տարի ավարտում ենք ռազմական համալսարանն ու ստանում ենք լեյտենանտի զինվորական կոչում: Դեռ չգիտեմ որտեղ կշարունակեմ ծառայությունս, բայց ուզում եմ Արցախում»,-ասաց կուրսանտ Գևորգ Նիկողոսյանը:

Եթե հրետանին պատերազմի աստվածն է, հետախույզները՝ աչքն ու ականջն են: Ուսին մասնագիտական տարբերանշանն է՝ չղջիկը, որի նման էլ ապրում ու գործում են՝ արագ և աննկատ:

Միշտ մարզվել, լինել մարտական վիճակում: Դաշտային փորձի հիմքում տեսական գիտելիքն է, որը կուրսանտն ստանում է ռազմական համալսարանում: Այստեղ շուտով ընդունելության քննություններ են․ 5 զորատեսակի մասնագետ են պատրաստում՝ մոտոհրաձիգ, տանկիստ, հետախույզ, ինժեներ և հրետանավոր: Համալսարանի սպայակազմը վստահեցնում է ծնողներին՝ կուրսանտին պահում են աչքի լույսի պես:

Մանրամասները՝ տեսանյությում