Ես ձեզ մարտահրավեր եմ նետում, եկեք Չինաստանի շուկան ուսումնասիրենք, եթե այնտեղ 0,33 ցենտից էժան դիմակ կգտնեք, ես կհամաձայնեմ, որ ՀՀ-ում դեղատները գերշահույթ են ապահովում․Ս․ Գաբրիելյանը` Ն․ Զոհրաբյանին

12:42 • 19.05.20

Ես ձեզ մարտահրավեր եմ նետում, եկեք ընդմիջմանն իրար հետ Չինաստանի շուկաններն ուսումնասիրենք, եթե դուք այնտեղ 0,33 ցենտից էժան դիմակ կգտնեք, ես կհամաձայնեմ ձեզ հետ, որ Հայաստանում, տիկին Զոհրաբյանի ասած, գերշահույթ են ապահովում դեղատները: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբացության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած հարցին, թե դեղատները գերշահույթ են ապահովում, քանի որ այնտեղ դիմակներն սկսում են 220-260 դրամից, ձեռնոցները`սևը 100 դրամ է, իսկ այլ գույնի ձեռնոցները՝ 60-80 դրամ:

«Ուսումնասիրել եմ ամբողջ չինական շուկան․ ամենաէժան դիմակը, որը կրում եք և որը, ի դեպ, անվճար ստացել եք, դրա ինքնարժեքը մտնելուց 0,33 ցենտ է, որը մոտավորապես 150-160 դրամ է»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Նա նաև անդրադարձավ տեղաշարժման թերթիկը չլրացնելու՝ Նաիրա Զոհրաբյանի բարձրացրած հարցին: «Տիկին Զոհրաբյան, անկեղծ ասած, մի քիչ չեմ հավատում տատիկի պատմությանը, չեմ ասում, որ դուք եք խաբում, բայց երկու պատճառով չեմ հավատում: Որովհետև մարդն իր տան դիմաց գնալու համար տեղաշարժման թերթիկ պարտավոր չէր լրացնել, ավելին ասեմ, գյուղատնտեսական արտադրության ապրանքի վաճառքը, որքանով հիշում եմ, երբևէ արգելված չի եղել, խնդրում եմ, տատիկի հեռախոսահամարը տվեք, ես կապվեմ իր հետ, տեսնեմ, տատիկը ոնց կարար կանաչի ծախելու համար տուգանվեր, եթե այդ գործունեության տեսակը արգելված չի եղել»,-ասաց նա: