Գեղարքունիքի Ծովակ համայնքում կորոնավիրուսի հաստատված 7 դեպք կա, 17-20 կոնտակտավոր, այդ թվում գյուղապետը թեստ են հանձնել, Մասրիկ համայնքում էլ հաստատվել է 1 դեպք

21:51 • 19.05.20

«Ծովակ համայնքում կորոնավիրուսի  հաստատված 7 դեպք կա, 17-20 մարդ թեստավորվել է, այդ թվում նաև ես»: Այս մասին tert.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի ղեկավար Գարիկ Հակոբյանը:

«Պետք է ասեմ, որ դեռ թեստերի պատասխանը չի եկել, բայց մենք գանգատներ չունենք, գագտներ չեն եղել նաև այն մարդկանց մոտ, որոնց թեստերի պատասխանը դրական է եղել, միայն վարակված տարեցներից մեկն է արտահայտված ախտանիշներ ունեցել»,-ասաց նա:

Համայնքի ղեկավարը նշեց, որ Ծովակ մուտքն ու ելքը սահմանափակված չէ, համապատասխան ախտահանման աշխատանքներ են արվել:

«Վարկի աղբյուրը կարծես՝ Արցախից է եղել: Միջին տարիքի ամուսիններն Արցախից են եկել, վարկել են 70-ն անց զոքանչին, աներոջը, հետո իրենց այցելել է բուժքույրն ու էդպես շղթան գնացել է: Պոլիլկլինիկան այս պահին չի գործում, բոլոր աշխատակիցները թեստավորվել են»,-ասաց նա:

Մարզի Մասրիկ համայնքի ղեկվար Արմեն Ասատրյանն էլ tert.am-ի հետ զրույցում նշեց, որ համայնքում մեկ հաստատված դեպք կա:

«Մի շաբաթ առաջ է հաստատվել երիտասարադ տղայի մոտ, մայրն ու հայրը մեկուսացված են: Տղան աշխատում է Զոդի կոմբինատում, բայց արձակուրդում է եղել, երևի ինչ-որ գործով գնացել և հիմա ինչքան գտեմ կոմբինատի աշխատակիցները ևս թեստ են հանձնելու, այլ տեղեկության չեմ տիրապետում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեսյսբուքյան էջում հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք, մարզում կա կորոնավիրուսային հիվանդության հաստատված 284 դեպք, որից առողջացել են 115 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:

«Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր և Զոլաքար համայնքներում»,- ասված է մարզպետի գրառման մեջ»,-մանրամասնել էր նա: