100 հազարը քիչ գումար չի սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար. Սասուն Միքայելյանը՝ դիմակ չկրելու դեպքում սահմանված տուգանքի մասին (տեսանյութ)

12:24 • 19.05.20

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» լրացում և փոփոխություն կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետաքրքրվեց՝ ինչ է արվում հասարակությանը կորոնավիրուսի պայմաններում սահմանված կանոններն իրազեկելու համար, քանի որ հաճախ մարդիկ չգիտեն՝ որ դեպքում ինչ է սպասվում:

«Ինչ միջոցներ եք ձեռնարկում ժողովրդին իրազեկելու համար, տուգանքները ժողովրդի չիմացությունից են գալիս, մարդիկ գալիս են, միամիտ ինչ-որ տեղ տուգանվում են: Մարդկանց տուգանել եք 100 հազար դրամով, որոնք էլի տեղյալ չեն եղել: Կխնդրեի՝ այդ հարցը բարձրացվեր, որոշում կայացվեր, որ չեղյալ համարվեին նախորդ տուգանքները: 100 հազարը քիչ գումար չի սարից իջած հովվի կամ հասարակ գյուղացու համար»,-ասաց նա:

Դանիելյանն արձագանքեց, թե որոշումները իրազեկվում են ինչպես Հանրային հեռուստաընկերությամբ, այնպես էլ ԶԼՄ-ներով, սակայն արտակարգ դրության ժամանակ որոշումները կարիքից ելնելով այն հաճախականությամբ են փոխվում, որ օբյեկտիվորեն դժվար է պատկերացնել դրանք հասցնել յուրաքանչյուրին այն կերպ, ինչ սովորական պայմաններում:

«Երբ հասարակական հարաբերությունները առավել կայուն են, դրա վերաբերյալ քաղաքացիների մոտ կանխատեսելիությունը ևս կայուն է, այդ թվում՝ կանոնների փոփոխման դեպքում: Համաձայն եմ, այս առումով որոշումներ կայացնելիս և կանոնները սահմանելիս պետք է փորձել հնարավորինս ավելի լայն շրջանակ ընդգրկել, որ չստացվի իրավիճակ, որ քաղաքացիների որոշ մասը տեղյակ չլինի կանոններից, որովհետև կանոնների արդյունավետությունը կախված է նաև նրանից, թե քաղաքացիների որ ծավալն է տեղյալ դրանցից»,-ասաց փոխնախարարը:

Ինչ վերաբերում է տուգանքների չեղարկմանը, Դանիելյանն ասաց, թե դա լրացուցիչ քննարկման կարիք ունի: «Թեկուզ սոցիալական խնդիրներ կան, և տուգանքները խնդիրներ են առաջացրել, առհասարակ տուգանքների չեղարկումը կարող է նաև այն բացասական հետևանքն ունենալ, որ քաղաքացիները հակված չլինեն հետագայում կաննոներին հետևել՝ ակնկալելով, որ այդ տուգանքները ևս որոշակի փուլում կարող են չեղարկվել»,-ասաց նա: