Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքն ու ձեռնարկված միջոցառումները

13:32 • 19.05.20

Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքը, համավարակով պայմանավորված՝ տնտեսական իրավիճակը և ձեռնարկված միջոցառումները: Նա հայտնեց, որ մայիսի սկզբից սկսվեցին սահմանափակումների մեղմացումները, իսկ մայիսի 18-ից դրանք գրեթե հանվեցին, թույլատրվեց տնտեսական գրեթե բոլոր ոլորտների գործունեությունը, և սահմանափակումներ մնացել են միայն կրթության, մշակույթի և որոշ այլ ոլորտներում:

Նա նշեց, որ այս փուլում ամբողջովին հանված է կարանտինը, ինչը բերեց կորոնավիրուսի դեպքերի ավելացման, բայց սահմանվել են խիստ կանոններ՝ սոցիալ-տնտեսական, առողջապահական անվտանգությունը պահպանելու համար, որոնց արդյունավետությունը կախված է բոլորի պատասխանատվությունից:

Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը մի շարք աջակցության միջոցառումներ է նախաձեռնել՝ մեղմացնելու կորոնավիրուսի հետևանքներն ու հնարավոր տնտեսական ճգնաժամը: Նրա խոսքով՝ նաև Կենտրոնական բանկի աշխատանքի շնորհիվ հնարավոր եղավ պահպանել դրամի արժեքը:

Նշելով, որ գլոբալ տնտեսական մարտահրավերների դիմաց բոլորն են կանգնած, և ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման անհրաժեշտությունը Հայաստանն առավել սուր է զգում, վարչապետը կարևորեց դրա վերաբերյալ քննարկումները: Նա նշեց, թե էներգետիկ միասնական շուկան, որի գործունեությունը չպետք է խտրական լինի, պետք է դառնա ինտեգրման հիմքերից մեկը, իսկ առանց դրա՝ ինտեգրացիոն գործընթացներում որակական առաջընթացն անհնար է, անհնար է նաև միության բոլոր մասնակիցների համար ապահովել տնտեսական գործունեության հավասար պայմաններ:

«Մենք ելնում ենք նրանից, որ «Մինչև 2025 թվականը Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները» նախագծում պետք է ամրագրվի ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայում գնագոյացման և սակագների սահմանման միասնական մոտեցումների կիրառման սկզբունքը, ներառյալ՝ ծառայությունների միասնական սակագները, որոնք տրամադրվում են բնական մենաշնորհային սուբյեկտին՝ գազի տարանցման կամ փոխադրման ժամանակ: Մեր միությունը պետք է ձգտի քայլ առ քայլ հասնել այդ նպատակին, ինչը կստեղծի բարենպաստ հիմք Միության շրջանակում որակապես ավելի խորը տնտեսական ինտեգրման համար»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: