Ռեստորանում ճաշելու ընթացքում դիմակ կրելու պահանջ չկա, ողջամտության սահմանում պետք է դիտարկել այս պահանջները. փոխնախարար
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը այսօր Ազգային ժողովում արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետաքրքրվեց, թե այս փուլում Կառավարությունն ի՞նչ դիրքորոշում ունի՝ դիմակների կրելը կանխարգելիչ միջոց համարվո՞ւմ է, թե՞ ոչ, քանի որ եթե քաղաքացին շաբաթներ շարունակ դիմակը պահում է իր մոտ՝ պայուսակում, ապա որքան է այդ օգտագործված դիմակի ՕԳԳ-ն և արդյոք դա կատարում է իր կանխարգելիչ գործառույթը:
Ի պատասխան Վահե Դանիելյանը նշեց, որ պետությունը որևէ միջոց չունի վերահսկողություն իրականացնելու, թե անձը դիմակը քանի ժամ է օգտագործել, կամ քանի օր է իր մոտ պահել:
«Ցավում եմ, բայց նման վերասհոկղության մեթոդ չկա: Պետք է յուրաքանչյուր քաղաքացու հասցնել, որ այս ամենն ինքնանպատակ չէ, յուրաքանչյուրի առողջության համար է, որ սահմանվել են առկա սահմանափակումները: Ինչ վերաբերում է նրան, թե դիմակի պահանջը կանխարգելիչ ֆունկցիա ունի, թե ոչ, կարծում եմ՝ այո, դրա համար էլ սահմանված է այս պահանջը, որը նպատակ ունի կանխարգելելու պանդեմիայի տարածումը»,- ասաց նա:
Պատգամավորը համաձայնեց, որ բարդ է պարզել, դիմակը նոր է, թե ոչ: «Բայց եկեք հարցն այլ դիտանկյունից նայենք. քաղաքացին ստիպված է օրը մի քանի անգամ փոխել դիմակը: Մենք՝ որպես պետություն, դեռևս չենք կարողացել վերահսկողության միջոցով իջեցնել դիմակների նախկին գները, մարդկանց համար չենք ապահովում դիմակներ, բայց դրանց կրումը դարձնում ենք պարտադիր և զուգահեռ նշանակում տուգանքներ, միևնույն ժամանակ հասկանլով որ այս դիմակ կրելը կարող է ձևական բնույթ կրել: Նաև կխնդրեմ՝ հստակեցնեք, թե փակ տարածքներում գործատուն պարտավո՞ր է դիմակներով ապահովել մարդկանց: Եվ եթե քաղաքացին ռեստորանում ճաշում է, նրա մոտ դիմակ պե՞տք է լինի, թե՞ ոչ»,- ասաց Իսայանը:
Վահե Դանիելյանն էլ նշեց, որ կոնկրետ տնտեսվարող սուբյեկտի մոտ մտնելու դեպքում անձը պետք է դիմակ ունենա, չունենալու դեպքում գործատուն նրան չպետք է թույլատրի մուտք գործել տվյալ տարածք: Նա հավելեց, որ Ճաշելու ընթացքում դիմակ կրելու պահանջ չկա, այսինքն՝ ողջամտության սահմանում պետք է դիտարկել այս պահանջները:
«Պահանջը հետևյալն է ներս մտնելուց պետք է ունենան դիմակ, բացի այդ, կան պահանջներ, թե սեղանները ինչքան հեռավորության վրա պետք է լինեն, քանի անձ առավելագույնը հնարավորություն ունի սեղանի շուրջ նստելու, բայց եթե ինչ-որ փուլում օրինակ ճաշելու ընթացքում անձինք դիմակ չեն օգտագործում, դա տրամաբանական և ողջամիտ է, հետևաբար, դրա դեպքում անձանց չեն ենթարկի պատասխանատվության»,- նշեց փոխնախարարը:










