«Պետք է արագ գործեք»․ Թրամփը ԱՀԿ-ին վերջնագիր է ներկայացրել
Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում չիրականացնի Միացյալ Նահանգների կողմից պահանջվող բարեփոխումները, այդ մասին ասված է կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրայեսուսին ուղղված նամակում, գրում է CNN-ը։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ իր վարչակազմը կորոնավիրուսի համավարակին ԱՀԿ-ի անհաջող պատասխանի վերաբերյալ հետաքննություն է անցկացրել։
«Այս հետաքննությունը հաստատել է շատ լուրջ մտավախություններ, որոնք ես բարձրացրել եմ վերջին մեկ ամսվա ընթացքում․ հատկապես մտահոգիչ է ՉԺՀ-ից կազմակերպության անկախության բացակայությունը»,- ասված է Թրամփի նամակում, որը նա հրապարակել է իր Twitter-ում:
ԱՄՆ նախագահը ԱՀԿ-ից պահանջում է «զգալի էական բարելավումներ ձեռնարկել», այդ թվում՝ «Չինաստանից անկախության դրսևորում»:
«Պարզ է, որ համավարակին արձագանքելու ձեր սիստեմատիկ սխալներն ու կազմակերպության սխալները չափազանց մեծ արժեք են ունեցել աշխարհի համար»,- ասված է նամակում:
«Իմ վարչակազմն արդեն սկսել է ձեզ հետ քննարկել այն հարցը, թե ինչպես բարեփոխել կազմակերպությունը։ Բայց դուք պետք է արագ գործեք։ Մենք վատնելու ժամանակ չունենք»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։
Ապրիլին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցնում է կառույցի ֆինանսավորումը: Նա քննադատել էր ԱՀԿ-ի ձեռնարկած միջոցառումները՝ ընդգծելով, որ կառույցը համարժեք չի արձագանքել կորոնավիրուսի համավարակին։ ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ին մեղադրել է համավարակի դեմ ագրեսիվ պայքար չծավալելու համար:
«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աղետ է, այն ամենը, ինչ նրանք ասում էին, սխալ էր, և դրանք ուղղված են Չինաստանին աջակցելուն»,- իր ելույթներից մեկում ասել էր Թրամփը։










