Սպասարկման տարածքներում քաղաքացիների մուտքը պետք է թույլ տան միայն դիմակով, իսկ եթե անձը չի կրում այն, տնտեսավարող սուբյեկտն է ենթարկվում պատասխանատվության. արդարադատության փոխնախարար

12:26 • 19.05.20

«Բարգավաճ Հայաստան» խմբակցութան պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ԱԺ արտահերթ նիստում անդրադառնալով բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում տուգանքը 10 հազար դրամ դարձնելու օրենքի նախագծին, արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին հարցրեց՝ եթե բաց տարածքներում դիմակ չունենալու տուգանքը դառնում է 10 հազար դրամ, ապա փակ տարածքներում ի՞նչ կարգավորում է լինելու:

Վահե Դանիելյանն ասաց, որ գործող օրենքով մասնավորապես ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակի սահմանափակումների համար տնտեսավարող սուբյեկտների համար առկա է պատասխանատվության միջոց՝ 100 հազար դրամից մինչև 300 հազար դրամ: «Այսինքն ներկայիս փոփոխությունը վերաբերվում է միայն բաց տարածքներում դիմակի առկայությունը չպահպանելուն: Իսկ ինչ վերաբերում է փակ տարածքներին, ապա դրա համար պատասխանատու են տնտեսավարող սուբյեկտները, և իրենք համապատասխան պատասխանատվություն կկրեն»,-ասաց Դանիելյանը:

Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ եթե ստուգող մարմինը տեսնում է, որ փակ տարածքում քաղաքացին դիմակով չէ, կարո՞ղ է տուգանել ընկերության տնօրենին՝ հաճախորդի դիմակ չունենալու համար, փոխնախարարը պատասխանեց, որ փակ տարածքները տնտեսավարող սուբյեկտների հոգածության առարկա են․ «Այսինքն սպասարկման տարածքներում քաղաքացիների մուտքը պետք է թույլ տան միայն դիմակի առկայության պայմաններում: Իսկ եթե քաղաքացին դիմակ չի կրում, ապա տնտեսավարող սուբյեկտն է ենթարկվում պատասխանատվության: Այդ հարցը կարգավորվում է փոխվարչապետի որոշմամբ»։