Անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին կերկարաձգվի՝ 2021 թ. հունվարի մեկի փոխարեն սահմանելով 2022 թ դեկտեմբերի 31-ը. նախագիծ

10:55 • 19.05.20

Կառավարությունը նախագիծ է մշակել, որով առաջարկում է անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2021 թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով։ Այս մասին Tert.am-ը տեղեկանում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, քանի որ 2017 թ․ հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված հայտարարվել է նոր մրցույթ՝ Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար։

Մինչ մրցույթի ավարտը ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու և նրանց իրավունքների իրացմանը չխոչընդոտելու համար «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում 2019 թ․ ապրիլի 23-ին կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել մինչև 2021 թ․ հունվարի 1-ը, կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերից բացի, ստանալ նաև ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված հին նմուշի անձնագիրը:

Ներկայումս մրցութային գործընթացը դեռևս ընթացքի մէջ է և նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման արդյունքում ամբողջ աշխարհում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներով պայմանավորված՝ կարող է ձգձգվել՝ կապված համապատասխան կազմակերպությունների կողմից մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու անհնարինության հետ։

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից: «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում: