Լուսաղբյուրում հրդեհի հետևանքով մահացած կանայք հարս ու սկեսուր էին. հրդեհի հավանական պատճառը փայտի վառարանն է եղել. համայնքապետ
Մայիսի 19-ի գիշերը Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքում բռնկված հրդեհի ժամանակ մահացած կանայք հարս ու սկեսուր են եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լուսաղբյուրի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը՝ ներկայացնելով հրդեհի վերաբերյալ մանրամասները:
«Փայտե տնակ էր, երկրաշարժից հետո էին տրամադրել: Գյուղում մի մասը փայտյա տնակները քարե են դարձել, դե իրենք չեն փոփոխել, այդպես են ապրել: Հրդեհը գիշերը 0:00-ից հետո է բռնկվել, հարս ու սկեսուր մնացել են մոխրակույտերի մեջ, այրվել են: Պատճառը ոչ ոք չի կարող ասել, բայց հավանական է, որ փայտի վառարանն է եղել պատճառը: Հարևաններն ասում են, որ ծեր կինը երեկոյան խնդրել է վառարանը վառել, որ չմրսի»,-ասաց նա:
Մանուկյանը նշեց, որ գյուղի էլեկտրիկի հետ է խոսել՝ պարզելու, թե արդյոք հրդեհի պատճառը կարող էին էլեկտրական լարերը կամ էլեկտրականության հետ այլ խնդիրները լինել, սակայն ճշտել է, որ էլեկտրական համակարգը նոր փոխած է եղել, ուստի դեռ ամենահավանական տարբերակը վառարանի օգտագործումն է եղել:
Նա ներկայացրեց նաև, որ մահացածները հրդեհի ժամանակ չեն կարողացել տանից դուրս գալ: «Հարսը տեղում ծխաղեղդ է եղել ու այրվել, իսկ սկեսուրը մինչև վերջին պահը օգնություն էր կանչում: Պատուհաններին ճաղավանդակներ կային, փորձում էինք կոտրել, որ ներս մտնեինք, մինչև կոտրեցինք, առաստաղը փլվեց ու չկարողացանք մոտ գնալ»:
Վարչական ղեկավարը մանրամասնեց, որ քամու առկայության պատճառով հրդեհը տարածվել էր և փոխանցվել հարևանների տներին, հարևաններից մեկի տանիքն էր այրվել, սակայն կարողացել են պատուհանից դուրս բերել ընտանիքի անդամներին: Հրդեհը փոխանցվել էր նաև հարևանի մեքենային: «Չորս հաշվարկ հրշեջ մեքենա էր եկել, իրենց շնորհիվ կարողացանք հարևանների վնասը մինիմալի հասցնել»:
Հարցին, թե արդյոք մահացածները գյուղում հարազատներ չեն ունեցել, Մանուկյանը պատասխանեց՝ ոչ, ազգականները արտասահմանում են եղել, մի մասը արտագնա աշխատանքի է մեկնել, մյուս մասն էլ արերկրում է ապրում:
Հիշեցնենք, որ Մայիսի 19-ին, ժամը 00։44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 տանը հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, վնասվել են թիվ 10 տան պատուհանը և 1-ին փողոցի թիվ 33 տան երեք պատուհան։
Փրկարարները տանը հայտնաբերել են Մեդա Մ․-ի (ծնված 1928 թ․) և Քնարիկ Մ․-ի (ծնված 1963 թ.) դիերը:










