Մոլդովայի նախագահն առաջարկել է ԵԱՏՄ-ի միջոցառումների մի մասն անցկացնել Քիշնևում
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը մայիսի 19-ին հայտարարել է, որ երկիրը պատրաստ է ապահովել ԵԱՏՄ միջոցառումների մի մասի անցկացումը Քիշնևում, ինչը հնարավորություն կտա հանրապետությունում ժողովրդականացնել եվրասիական ինտեգրումը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Մոլդովան 2018 թվականից ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունի:
«Տեխնիկապես, մենք պատրաստ ենք ապահովել Քիշնևում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և խորհրդատվական հանձնաժողովների աշխատանքները: Մենք պատրաստ ենք ընդունել գործարար միջոցառումների և եվրասիական ֆորումների մասնակիցներին, հավատում ենք, որ դա կօգնի ժողովրդականացնել ԵԱՏՄ գործունեությունը Մոլդովայում, ավելի լավ տեղեկացնել երկրի քաղաքացիներին և ներքին բիզնեսին եվրասիական ինտեգրման գործընթացների մասին»,-ասել է Դոդոնը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: 2020 թվականին կառույցում նախագահում է Բելառուսը:










