Մոսկվայում 100 տարեկանից մեծ 2 հիվանդ ապաքինվել է կորոնավիրուսից և դուրս գրվել հիվանդանոցից
Մոսկվայի թիվ 52 քաղաքային կլինիկական հիվանդանոցից կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունից հաջող ապաքինվելուց հետո 100 տարեկանից բարձր երկու հիվանդ է դուրս գրվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Կորոնավիրուսը վտանգավոր է ավագ սերնդի՝ 65-ից բարձր տարիքային խմբի համար։ Տարիքի հետ թուլանում է մարդու իմունային համակարգը, ի հայտ են գալիս ուղեկցող հիվանդություններ, որոնք այլ վարակիչ հիվանդությունների հետ մեկտեղ հիվանդի վիճակն ավելի ծանր են դարձնում։ Չնայած բոլոր սահմանափակման միջոցառումներին և ինքնամեկուսացման ռեժիմին՝ վարակը երբեմն հասնում է նաև ծերերին։ Սակայն ուրախ եմ տեղեկացնել, որ 100 տարեկանից բարձր երկու հիվանդ արդեն դուրս է գրվել մեր հիվանդանոցից, նրանք բուժումը կշարունակեն վերականգնողական կենտրոնում»,- հայտարարել է հիվանդանոցի գլխավոր բժիշկը։
Նշվում է, որ դուրս գրվածներից մեկը 101 տարեկան է, երկրորդը՝ նրանից մոտ վեց ամսով մեծ։ Հայտնի է, որ հիվանդներից երկուսն էլ քրոնիկ և մի շարք այլ ուղեկցող հիվանդություններ են ունեցել, սակայն վերջիններիս դիմադրողականությունը կարողացել է հաղթահարել կորոնավիրուսային վարակը։










