Տիգրան Աբրահամյանն ազատվել է Արցախի նախագահի խորհրդականի պաշտոնից
Մայիսի 19-ին Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Տիգրան Աբրահամյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Ազատման մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև Տիգրան Աբրահամյանը:
Համատեղ աշխատանքի համար Տիգրան Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Բակո Սահակյանին և այլ պաշտոնյաների:
«Շնորհակալ եմ նախագահ Բակո Սահակյանին, ով հետապրիլյան մարտական գործողությունների ծանր ժամանակահատվածում ինձ հնարավորություն տվեց խորությամբ «ներթափանցելու» Արցախի անվտանգային միջավայր, լավագույն պայմանները ստեղծեց զինված ուժերի զարկերակին տիրապետելու և դրանով իսկ մեր պետությանը օգտակար լինելու համար:
Շնորհակալ եմ իմ լավագույն ընկերներից՝ Արցախի հերոս Արշավիր Ղարամյանին, ում հետ դեռ իր՝ գլխավոր դատախազ եղած ժամանակահատվածում ենք ծանոթացել և աշխատել, և ով առանցքային դերակատարություն ունի իմ ռազմական կրթության, Արցախն ու Արցախի անվտանգության համակարգը դետալ առ դետալ ճանաչելու և Արցախում «հետք» թողելու համար:
Շնորհակալ եմ ՊԲ հրամանատարներ Լևոն Մնացականյանին, Կարեն Աբրահամյանին, Ջալալ Հարությունյանին, որոնց հետ չափազանց արդյունավետ համագործակցություն ենք ունեցել: ՊԲ ներկայիս հրամանատարին փոխանցել եմ մշտական պատրաստակամությունս՝ ցանկացած պարագայում շարունակելու համատեղ աշխատանքը՝ հանուն մեր զինված ուժերի:
Լևոն Մնացականյանն էլ իմ ճանաչած լավագույն զինվորականներից է, ով դեռ շատ անելիք ունի հայկական զինուժում, և ես համոզված եմ, որ նրան բանակի համազգեստով դեռ կտեսնենք՝ շատ ավելի բարձր դիրքում, որովհետև դա բխում է մեր բոլորի շահերից:
Շնորհակալ եմ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանին, Արցախի ԱԱԾ-ում պատիվ եմ ունեցել մեծ թվով հայրենասեր սպաների ճանաչել: Բանակի մարտունակության բարձրացման գործում մեծ ավանդ ունեն նաև ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումները, որոնք իրենց ծառայությամբ, իրենց նվիրվածությամբ մեծ աշխատանք են տանում»,-գրել է նա:










