ԱՄՆ-ում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 21 500 դեպք
ԱՄՆ-ում նախօրեին գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ավելի քան 21,5 հազար դեպք, հիվանդության հետևանքով մահացել է ավելի քան 700 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով Ջոնս Հոփքինսի անվան համալսարանի տվյալներին, որոնցում խտացված են դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև լրատվամիջոցների և այլ բաց աղբյուրների տեղեկությունները։
Աղբյուրը մանրամասնում է, որ վերջին մեկ օրում երկրում գրանցվել է վարակման 21 551 նոր դեպք, դրա նախորդ օրը հայտնել էին 18 937 նոր վարակակրի մասին։ Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 785 մարդ:
Համալսարանի տվյալներով՝ համավարակի սկզբից ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,5 միլիոն մարդ, մահացել՝ ավելի քան 90 000 վարակակիր։
Հիվանդությունից ապաքինվածների թիվը գերազանցել է 283 000-ը։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 4 915 587 միլիոն մարդ, որից 320 520 -ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Ռուսաստանը, Իսպանիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը։










