Տավուշում կորոնավիրուսով վարակվածներից ոմանք աշխատում են «Տավուշ տեքստիլում», արտադրամասերը փակել ենք, բոլորին թեստավորում ենք. մարզպետ
Տավուշի մարզում բավականին կայուն է իրավիճակը, այս պահի դրությամբ կա 31 մարդ, որոնք գտնվում են բուժման մեջ, և առանձնապես մտահոգիչ չեմ համարում իրավիճակը, ընդհակառակը, կարծում եմ՝ իրավիճակը բարվոք է՝ հաշվի առնելով ընդհանուր ցուցանիշները, ամեն ինչ վերահսկողության տակ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
«Վարակվածների մեջ կան մի քանի հոգի, որոնք աշխատում են «Տավուշ տեքստիլում» դրա հետ կապված այդ արտադրամասերը փակել ենք, բոլորին թեստավորում ենք, որպեսզի համոզվենք, որ աշխատակիցների շրջանում վարակի տարածում չի լինի»,- ասաց նա և նշեց, որ փակված արտադրամասերում դիմակներ չեն արտադրում, այլ՝ շինարարական ձեռնոցներ:
«Մենք հիմնականում վերահսկում ենք վարակի տարածման ճանապարհները, անվտանգության կանոնները լիարժեք պահպանվել են արտադրությունում, դրա համար էլ վարակը մեծ տարածում չի ստացել, մարդկանց ուղարկել ենք ինքամեկուսացման, այժմ իրականացվում է թեստավորում, որի արդյունքներից հետո նոր կորոշենք որ խմբերն են շարունակելու աշխատել, որ խմբերը ոչ»,- ասաց նա:










