Նիդեռլանդներում կորոնավիրուսի՝ կենդանուց մարդուն փոխանցման դեպք է գրանցվել

09:52 • 20.05.20

Նիդեռլանդներում նոր տեսակի կորոնավիրուսի՝ կենդանուց մարդուն փոխանցման դեպք է արձանագրվել։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի գյուղատնտեսության նախարար Կարոլա Սքոութենի խորհրդարանին ուղված նամակը։

Ապրիլին Նիդեռլանդների գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Նիդեռլանդների հյուսիսային Բրաբանտ նահանգի ջրաքիսների մորթիների արտադրության երկու ֆերմերային տնտեսություններում ջրաքիսների մոտ կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել։

Այդ ժամանակ իշխանությունները որպես նախազգուշական միջոց սահմանափակել էին ագարակների մուտքը, սակայն հայտարարել էին, որ կենդանիներից մարդկանց վիրուսի տարածման վտանգ չկա:

Սակայն նախարարն իր նամակում խոստովանել է, որ իր գերատեսչության կողմից ավելի վաղ հրապարակված տվյալներն առ այն, որ վիրուսի փոխանցումը կենդանիներից մարդուն անհնար է, սխալ են եղել՝ նշելով, որ կենդանիներից մարդուն վարակի փոխանցման վտանգը դեռ գնահատվում է որպես նվազագույն, բայց ոչ անհնար։

Ֆերմայում վարակված աշխատակցի ընթացիկ վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։