Ասում են՝ այս իրավիճակը երկար է տևելու, բա մենք ի՞նչ ենք անելու, եթե մեր աշխատանքը սեզոնային է. Սարգիս Գրիգորյանը՝ ռեստորանների չաշխատելու մասին (տեսանյութ)

14:24 • 20.05.20

Մենք ասում ենք՝ եթե բավական վտանգավոր ոլորտներ սկսել են աշխատել, ապա ինչի՞ ենք մենք տանը, լավ, ինչքա՞ն ենք մենք տալը մնալու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Կառավարության դիմաց իրականացած ակցիայի ժամանակ ասաց դերասան Սարգիս Գրիգորյանը՝ խոսելով ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերի, աշխատակիցների, երգիչների, երաժիշտների, հանդիսավարների չաշխատելու մասին:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ շատերը, օրինակ, հարսանիք անելու համար պարտքեր են վերցրել, ու հիմա հնարավոր չէ այն չկազմակերպել: Նա տեղեկացրեց, որ ինքը 3 ամսվա համար պետությունից 68 հազար դրամ է ստացել որպես աջակցություն, սակայն դրանով հանարավոր չէ երեք երեխա պահել:

«Հարցեր կան, որոնց պատասխանը կցանկանայինք ստանալ, քննարկել ու հարցը լուծել, այս հարցը մի օրվա, մի ժամվա չէ: Ասում են՝ այս ամենը երկար է տևելու, բա մենք ինչ ենք անելու, եթե մեր աշխատանքը սեզոնային է»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այսօր ռեստորանային համալիրների սեփականատերերն ու աշխատակիցների, ներկայացուցիչների Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում, որի ժամանակ ոստիկանները մասնակիցներից մի քանիսին բերման ենթարկեցին, որոնց շարքում էր նաև Սարգիս Գրիգորյանը: