Սինգապուրում դատարանը Zoom տեսազանգերի ծրագրի միջոցով ամբաստանյալին մահապատժի է դատապարտել

15:04 • 20.05.20

Սինգապուրում դատարանը Zoom տեսազանգերի համար նախատեսված ծրագրի միջոցով ամբաստանյալին մահապատժի է դատապարտել։ Սա առաջին նման դեպքն է երկրում, գրում է The Guardian-ը։

Դատապարտյալը՝ 37-ամյա մալայզիացի Պունիտան Գենասանը, մեղավոր է ճանաչվել հերոինի առուվաճառքի համար: Նա կախաղան կբարձրացվի:

Սինգապուրի Գերագույն դատարանի մամուլի քարտուղարը Reuters գործակալությանը հայտնել է, որ Գենասանի դատավարությունն անցկացվել է առցանց՝ «դատավարության բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար»։

Դեպքի առնչությամբ իրավապաշտպանները Սինգապուրի իշխանություններին մեղադրել են դաժանության համար։

«Սինգապուրում մահապատժի կիրառումն իր էությամբ դաժան ու անմարդկային է, իսկ մահապատիժը հայտարարելու համար կապի տեխնոլոգիաների օգտագործումը, ինչպիսին Zoom-ն է, խորացնում է այդ իրավիճակը»,- հայտարարել է Human Rights Watch կազմակերպության ասիական բաժանմունքի ղեկավար Ֆիլ Ռոբերթսոնը:

Սինգապուրի օրենքները չափազանց խիստ պատիժ են նախատեսում թմրանյութերի շրջանառությանը մասնակցելու համար․ վերջին տասնամյակներում երկրում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար մահապատժի են ենթարկվել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ տասնյակ օտարերկրացիներ: