«Ես դա դիտարկում եմ որպես պատվի նշան»․ Թրամփը խոսել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածության բարձր ցուցանիշի մասին

10:54 • 20.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրում կորոնավիրուսի վարակակիրների և մահացության թվի բարձր ցուցանիշներին՝ ստեղծված իրավիճակը «պատվի նշան» որակելով: Թրամփի խոսքով՝ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն ավելի շատ թեստավորվում է անցկացնում, քան մնացած բոլոր երկրները, գրում է CNN-ը:

«Երբ դուք նշում եք, որ մեր երկիրն աշխարհում կորոնավիրուսի թվով առաջատար է, դրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ում ավելի շատ թեստավորում է անցկացվում, քան ցանկացած այլ երկրում: Ես դա դիտարկում եմ որպես պատվի նշան։ Իսկապես, դա պատվի նշան է։ Սա մեծ հարգանքի տուրք է թեստավորմանը և այն աշխատանքին, որն արել են շատ մասնագետներ»,- հավելել է Թրամփը։

Բացի այդ, ԱՄՆ նախագահն անդրադարձել է դեպի Լատինական Ամերիկա ուղևորությունների արգելք սահմանելու հավանականությանը՝ նշելով.«Մենք քննարկում ենք այդ հարցը: Ես անհանգստանում եմ, չեմ ցանկանում, որ մարդիկ մեր երկիր գան ու վարակեն ամերիկացիներին։ Չեմ ցանկանում նաև, որ մենք վարակն այնտեղ փոխանցենք»:

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 1 570 583 դեպք, որոնցից 93 533-ը մահվան ելքով։