«Աֆրիկայում համավարակը դեռևս վաղ փուլում է գտնվում և կարող է արագ տարածվել ու քայքայիչ հետևանքների հանգեցնել»․ Անտոնիո Գուտերեշը կոչ է արել օգնել Աֆրիկային

11:58 • 20.05.20

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքների դեմ պայքարի գործում օգնել աֆրիկյան երկրներին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Մենք կոչ ենք անում միջազգային գործողություններ իրականացնել Աֆրիկայի առողջապահական համակարգերի ամրապնդման, սննդի մատակարարման, ֆինանսական ճգնաժամի կանխարգելման, կրթությանն աջակցելու, աշխատատեղերի պահպանման, ինչպես նաև եկամուտների կորստի հետևանքների մեղմման ուղղությամբ»,- նշել է Գուտերեշը։

Բացի այդ, գլխավոր քարտուղարը խոսել է նաև արձագանքման միջոցառումների համաշխարահային փաթեթի և աֆրիկյան երկրներին «հնարավոր ցանկացած պատվաստանյութերի և բուժման մեթոդների արագ և մատչելի հասանելիության» ապահովման անհրաժեշտության մասին։

«Աֆրիկայում համավարակը դեռևս վաղ փուլում է գտնվում և կարող է արագ տարածվել ու քայքայիչ հետևանքների հանգեցնել։ Աֆրիկայի հետ գլոբալ համերաշխությունը ինչպես այս իրավիճակից դուրս գալու, այնպես էլ հաջող վերականգնման համար մեր առաջնային քայլերից է»,- ընդգծել է Գուտերեշը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածաշրջանային ներկայացուցչության վերջին տվյալների համաձայն ՝ Աֆրիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 86,7 հազարը, մահացել է ավելի քան 2,7 հազար հիվանդ:

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 4,9 միլիոն մարդ, որից 324 970-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Ռուսաստանը, Իսպանիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան, Իրանը։