ԱՄՆ-ում սրճարանի այցելուն կրակել է դիմակ չկրելու համար իրեն սպասարկելուց հրաժարված խոհարարի վրա

16:37 • 20.05.20

Ամերիկյան Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքի սրճարաններից մեկի այցելուն կրակել է խոհարարի վրա, այն բանից հետո, երբ վերջինս նրան մի քանի անգամ դիմակ կրելու մասին զգուշացում է արել, հայտնում է KDVR հեռուստաալիքը՝ հղում տալով ոստիկանության հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել Waffle House ցանցին պատկանող սրճարաններից մեկում։ Աշխատակիցների խոսքով՝ 27-ամյա այցելուն մայիսի 14-ի կեսգիշերին եկել է սրճարան, սակայն նրանք հրաժարվել են սպասարկել հաճախորդին, քանի որ վերջինս դիմակ չի կրել։ Զգուշացումից հետո, ինչպես ավելի ուշ է պարզվել, Քելվին Ուոթսոն անունով այցելուն հեռացել է դեպքի վարից և որոշ ժամանակ անց դիմակը ձեռքին վերադարձել։ Նշվում է, որ սրճարանի աշխատակիցները մի քանի անգամ կրկնել են, որ դիմակը դեմքին չկրելու դեպքում, սահմանված կանոնների համաձայն, չեն կարող պատվեր ընդունել, որին ի պատասխան՝ երիտասարդը հանել է զենքն ու սպառնացել կրակել խոհարարի վրա։

Պատմությունը շարունակություն է ունեցել հաջորդ գիշեր։ Ուոթսոնը վերադարձել է սրճարան, սակայն խոհարարը կրկին հրաժարվել է նրան սպասարկել։ Այնուհետև ոստիկանական արձանագրության համաձայն՝ տղամարդը հարվածել է խոհարարին, որն էլ փորձել է փախուստի դիմել, սակայն հանցագործի արձակած գնդակը դիպել է խոհարարին։

Խոհարարին հասցրել են հիվանդանոց, բարեբախտաբար վնասվածքները թեթև են եղել, և նա այժմ վերականգնման փուլում է գտնվում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ավրորա քաղաքը և առողջապահության վարչությունը չի պարտադրում, սակայն կոչ է անում հանրային վայրերում դիմակներ կրել։