Նոր Զելանդիան համավարակից հետո տնտեսությունը վերակառուցելու նպատակով մտադիր է 4-օրյա աշխատանքային շաբաթ սահմանել
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնն առաջարկել է քառօրյա աշխատանքային շաբաթ սահմանել, ինչպես նաև աշխատանքային գրաֆիկին վերաբերող այլ ճկուն քայլեր ձեռնարկել համավարակի ֆոնին ներքին զբոսաշրջությունը խթանելու և, առհասարակ, տնտեսությունը վերակառուցելու համար:
Ինչպես նշում է The Guardian-ը, վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ընդգծել է, որ երկրի սահմաններն օտարերկրացիների համար շարունակում են փակ մնալ, ինչի պատճառով առավել տուժում է զբոսաշրջային ոլորտը:
Վարչապետի խոսքով՝ ստեղծված իրավիճակի ֆոնին անհրաժեշտ է կենտրոնանալ ներքին զբոսաշրջության զարգացման վրա: Քառօրյա աշխատանքային շաբաթից բացի վարչապետն առաջարկել է ավելացնել տոնական կամ ոչ աշխատանքային օրերի թիվը:
Արդերնն ընդգծել է, որ մարդիկ երկրով ճամփորդելու մեծ ցանկություն ունեն, սակայն այդ հարցում նրանց խանգարում է աշխատանքային խիտ գրաֆիկը, զբաղվածությունը:
Նա նշել է, որ համավարակին ֆոնին կարելի է ճամփորդել Նոր Զելանդիայով ու զուգահեռ հեռավար աշխատել:










