Հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերը խնդրում են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին իրենց գործով դիմել ռուսական իշխանություններին
Մոսկվայում բնակվող Խաչատուրյան քույրերը, որոնք մեղադրվում են իրենց հոր սպանության համար, ՄԱԿ-ի կանանց նկատմամբ բռնության հարցերով հատուկ զեկուցող Դուբրավկա Սիմոնովիչին խնդրել են դիմել ռուսական իշխանություններին իրենց քրեական գործի դիտարկման շրջանակում կրկնակի տրավմայի չենթարկելու և դատավարական իրավունքները չխախտելու պահանջով: Քույրերից կրտսերի փաստաբան Վալենտինա Ֆրոլովան ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է, որ դրա համար հարկավոր է քույրերի գործերը քննել միայն միասնական տարբերակով և հաշվի առնել, որ նրանք գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակում:
«Քննչական մարմինները բաժանել են քույրերի քրեական գործը` Մարիա Խաչատուրյանի գործն առանձնացնելով, ինչը բացասաբար է անդրադարձել մեղադրյալների իրավունքների վրա: Չնայած այն հանգամանքին, որ երկու քրեական գործերում քննվում են նույն հանգամանքները, Քրիստինան և Անգելինան չեն կարողանում մասնակցել Մարիայի քրեական գործին, այնպես, ինչպես Մարիան չի կարողանում մասնակցել Քրիստինայի և Անգելինայի գործին: Ապագայում դա կբերի քույրերի կրկնակի տրավմայի ենթարկվելուն, քանի որ նրանք ստիպված կլինեն պատմել նույն ծանր տրավմատիկ իրադարձությունները երկու քրեական գործերի քննման ժամանակ»,-ասել է փաստաբանը:
Բացի այդ, փաստաբանի խոսքով, Խաչատուրյան քույրերը դիմել են Սիմոնովիչին` վստահեցնելով, որ իրենք գործել են ինքնապաշտպանության շրջանակում՝ պաշտպանվելով ընտանեկան բռնությունից:
«Չնայած քննությանը հաջողվել է ձեռք բերել բավականին հուսալի ապացույցներ ընտանիքում տևական և լուրջ բռնության առկայության մասին, որը վտանգի տակ էր դնում աղջիկների կյանքը, նրանք հրաժարվել են դիտարկել ինքնապաշտպանության դրդապատճառը քույրերի գործողություններում: Պատահական չէ, որ մենք դիմել ենք կանանց նկատմամբ բռնության հարցերով հատուկ զեկուցողին, քանի որ այն, ինչ կատարվում է այսօր քույրերի հետ, բազմամյա բռնության և նրանց ժամանակին պաշտպանել թույլ տվող օրենքի բացակայությունն է»,- ասել է փաստաբանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ Քննչական կոմիտեն, անտեսելով Գլխավոր դատախազության փաստարկները, հրաժարվել է իրենց հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործողությունները վերաորակավորել որպես ինքնապաշտպանություն:
Ավելի վաղ քննությունը խոստովանել էր, որ հայրը ծաղրել է դուստրերին և բռնաբարել է նրանց, սակայն աղջիկների գործողությունները որակել է ամենածանր հոդվածով` սպանություն նախնական պայմանավորվածությամբ: Դատախազությունը չապացուցված էր համարել դրդապատճառների և նպատակների վերաբերյալ քննության եզրակացությունները և գործն ուղարկել էր վերանայման:
Հիշեցնենք, որ Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյանները ձերբակալվել են 2018թ. հուլիսին՝ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեղադրանքով: Այս գործով հետաքննությունն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին:
Քննության շրջանակում պարզվել է, որ հայրը տարիներ շարունակ ֆիզիկական, սեռական և հոգեբանական բռնություն է իրագործել դուստրերի նկատմամբ:










